«Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունը ծրագրվել է ամերիկա-իսրայելա-սաուդյան հանդիպման ժամանակ»․ Զարիֆ
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը վախկոտ ահաբեկչական գործողություն էր, որը պայմանավորված էր վերջերս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի տարածաշրջանային այցով և ամերիկա-իսրայելա-սաուդյան հանդիպմամբ, գրում է almasdarnews.com-ը։
Իրանի ԱԳ նախարարն Instagram-ում հայտարարել է, որ «ամերիկյան առավելագույն ճնշման կողմնակիցները ձգտում են Թրամփի վարչակազմի վերջին օրերին անկարգություններ հրահրել տարածաշրջանում և մթնոլորտ ստեղծել՝ պատժամիջոցների սահմանման համար»։
«Պոմպեոյի տարածաշրջան շտապ ուղևորությունները, Սաուդյան Արաբիայում եռակողմ հանդիպումը և Նեթանյահուի հայտարարությունները ապացուցում են նրանց ծրագրած դավադրությունը, որը, ցավոք, ավարտվել է վախկոտ ահաբեկչական գործողությամբ և երկրի բարձրագույն ղեկավարներից մեկի նահատակությամբ։ Միևնույն ժամանակ, նույն սատանայական առանցքի ղեկավարությամբ սկսվել է հակահետախուզական արշավ և հոգեբանական պատերազմ»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ Իրանի իշխանություններն ու խելացի մարդիկ «երբեք չեն ընկճվի միջազգային ահաբեկիչների և տխրահռչակ սիոնիստական ծայրահեղականների վերջին հարձակումներից և կպահպանեն իրենց միասնությունը ցանկացած գաղափարախոսության շուրջ, որպեսզի Թրամփի և նրա դաշնակիցների հետ տնտեսական պատերազմից դուրս գան ձեռքբերումներով»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։
2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։










