Սպանության հետքերը տանում են դեպի «Մոսսադ»․ Der Spiegel-ի անդրադարձն Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի աղմկահարույց սպանությանը

16:22 • 01.12.20

Իրանը երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար մեղադրում է Իսրայելին։ Այն, որ հանցագործության հետևում Թել Ավիվն է կանգնած, թերևս ակնհայտ է, բայց մի հարց դեռևս անհասկանալի է մնում․ արդյոք այդ մասին գիտե՞ր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է գերմանական Der Spiegel ամսագիրը։

Ինչպես նշում է  լրագրող Ռանիա Սալումը, Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը ծանր հարված է իրանական ռեժիմին, քանի որ երկիրը ոչ միայն կորցրեց իր միջուկային ծրագրի ղեկավարին, այլև բառացիորեն խայտառակվեց. բոլոր 12 հրաձիգներին հաջողվեց փախչել, և մինչ այժմ նրանց մասին քիչ բան է հայտնի։

«12 հոգուց բաղկացած մարդասպանների խմբի կազմակերպման համար անհրաժեշտ է առնվազն 50 մարդ։ Ինչպե՞ս կարող է նման մեծ խումբը գաղտնի գործողություններ իրականացնել Իրանի մայրաքաղաքում և նաև իմանալ Իրանի գլխավոր միջուկային գիտնականի հանգստյան օրերի ծրագրերի մասին»,- նշել  է վավերագրող և հրապարակախոս Ջավադ Մոհուին:

Հոդվածագիր Ռանիա Սալումը նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունն այդ հացագործությունից ամենաշատն օգուտ կքաղեր։

«Թեև սպանությունը միջուկային հետազոտությունների իրանական ծրագրին միայն աննշան վնաս կհասցնի, Թեհրանն այժմ վարկաբեկված է և մտահոգ, թե որքանով է իր ներքին ապարատը ներծծված լրտեսներով»,- գրում է հոդվածագիրը։

Սալումը նաև նշում է, որ թեև թշնամական երկրի տարածքում նման բարդ մահափորձ իրականացնելու համար անհրաժեշտ են փորձառու գործակալներ, Իսրայելի քաղաքական հետախուզությունը՝ «Մոսսադ»-ն արդեն քանիցս ցույց է տվել, որ կարող է Իրանում նման բան իրականացնել։ Բացի այդ, թեև Իսրայելը բացահայտ չի ստանձնել սպանության պատասխանատավությունը, հանգստյան օրերին Նաթանյահուն պարծեցել է «վերջին օրերի հաջողություններով»՝ նշելով, որ «դրանցից մի քանիսը չի կարող հիշատակել»։

Հոդվածագիրը նաև նշում է, որ թեև կազմակերպված սպանությանն Իսրայելի մասնակցությունն առավել քան խոսուն է, դեռևս հայտնի չէ՝ արդյոք այդ մասին գիտեր Դոնալդ Թրամփը։

«Հնարավոր է՝ Վաշինգտոնը նախապես տեղեկացված է եղել, մանավանդ որ վերջերս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Իսրայել»,- նշում է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։