«Նիկոլ, դավաճան»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա անողներին ոստիկանները բերման էին ենթարկում` կիրառելով բռնի ուժ. ցուցարարները երթով հասան Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
19։27
Մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և կապ չունի մեզնից տասնյակներ, հազարավորների են անհամաչափ ուժ կիրառելու արդյունքում բերման ենթարկելու: Այս մասին արդեն Կառավարության շենքի մոտ լրագրողներին ասաց Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներից Քրիստինե Վարդանյանը:
Նա նշեց, որ իրենք գործելու են Սահամանադրության շրջանակներում: Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, թե քիչ թվով մարդիկ են, որ իր հրաժարականն են պահանջում, Քրիստինե Վարդանյանը նշեց՝ ուզում է հարցնել Նիկոլ Փաշինյանից՝ երբ նա սկսում էր քայլել Գյումրիից, քանի՞ հոգով էին և քանի հոգի էին, երբ հասան հրապարակ:
«Նրանից դժգոհողների թիվը հարյուր հազարներն են, պարզապես նա օգտվում է նրանից, որ հայ հասարակությունը սգի, շոկի մեջ է, մի մասը սպասում է իր զավակներին, որոնք հիմա դեռ սահմանին են։ Հասարակությունը դեռ թմբիրի մեջ է և չի հասկանում, թե ինչ է կատարվում, նրանք պարզապես շահարկում են մեր բոլորի համբերությունը, մարդասիրությունը: Մենք չենք կարողանալու մարդկանց զսպել, երբ վերջնական հասկանան, թե ինչ է կտարավել: Մարդիկ հիմա փորձում են նրանց հասկացնել, որ շանս կա անցնցում ու սահմանադրական ճանապարհով հեռանալու, եթե սպառեն այդ շանսը, երկրորդը չեն ունենալու»,- շեշտեց նա:
18։52
Ակցիայի մասնակիցները «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» կոչերով մաշտոցի պողոտայից երթով շարժվում են դեպի Կառավարության շենք՝ ամփոփելու տեղի ունեցածն ու որոշելու իրենց հետագա քայլերը:
Նրանք պահանջում են Փաշինյանի հրաժարականը նաև ցանկանում են պատասխանատվության ենթարկել նրան՝ Արցախի հարցով եռակողմ հայտարարությունը ստորագրելու համար: Ակցիայի մասնակիցները գտնում են՝ Փաշինյանը միտումնավոր է հանձնել Արցախի մեծ մասը:
Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին, ապա նրանք նշեցին, որ միայն Ոստիկանության նորքի բաժին բերման է ենթարկվել ակցիայի 23 մասնակից:
«Ստույգ տվյալներ դեռ չունենք, բայց հաշվի առնելով ակցիայի մասնակիցների քանակը, բերման ենթարկվածները գուցե հարյուրի հասնեն»,- ասաց մասնակիցներից մեկը:



18։29
Լրագրողներին ու օպերատորներին բերման ենթարկելու փորձը պահի տակ է ստացվել. Երևանում ընթացող քաղաքացիական անհնազանդության ակցիայի ժամանակ այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի փոխոստիկանապետ Խուդինյանը:
Նշենք, որ ոստիկանները քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկելուց, հրեցին ու խոչընդոտեցին նաև լրագրողների աշխատանքը: Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել նաև լրագրողներին ու օպերատորներին, սակայն բաց թողեցին նրանց:
Tert.am-ի հարցին, թե ինչու էին փորձում բերման ենթարկել լրագրողներին ու օպերատորներին, փոխոստիկանապետն ասաց. «Պահի տակ է ստացվել»:
Ակցիան դեռ շարունակվում է, չնայած՝ ճանապարհն այս պահին բաց է:
18։25
Մի խումբ քաղաքացիներ փակել են Մաշտոցի պողոտան, ակցիայի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այնտեղ են կուտակվել մեծ թվով ոստիկանական ուժեր:
Ոստիկանության ծառայողները ճանապարհը բացելու հրահանգավորում ստանալուց հետո, սկսեցին անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներին: Ակցիա անողներին են միանում նաև վարորդները:




Բերման ենթարկվելուց էլ քաղաքացիները շարունակում էին բղավել՝ Նի-կոլ դա-վա-ճան: Այդուհանդերձ, ոստիկաններին հաջողվեց Մաշտոցի պողոտան մասամբ բացել, սակայն, քաղաքացիների խմբերն ավելանում են և այս պահին կրկին փակել են ճանապարհահատվածը:
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է օր առաջ փլուզվի, վախկոտ, դավաճան ղեկավարը չի կարող Հայաստանում իշխանություն ունենալ: Անհայրենիքին ծառայող Ոստիկանությունը մեզ չի կարող կանգնեցնել, սա նաև ձեր երեխաների համար է պայքար»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
18։01
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում։ Հիշեցնենք, որ երեկ քաղաքացիները ևս անհնազանդության ակցիա էին անում, նրանք փակել էին Մաշտոցի պողոտան, ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից շատերին։










