«Թուրքիան Միջերկրական ծովում զբաղվում է չափազանց ագրեսիվ, սադրիչ բնույթի գործողություններով»․ Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրեին հայտարարել է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններում էական առաջընթաց չի արձանագրվել, գրում է հունական Ekathimerini թերթը։
«Մենք ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերություններում այնքան առաջընթաց չենք գրանցել, որքան կցանկանայինք»,- հայտարարել է նա եվրոպական հարցերով խորհրդարանական հանձնաժողովների անդամների առցանց ժողովի ժամանակ։
Մերկելը նշել է, որ Թուրքիան «Միջերկրական ծովում զբաղվում է չափազանց ագրեսիվ, սադրիչ բնույթի գործողություններով»՝ միևնույն ժամանակ հավելելով, որ այդ երկրիը «մեծ հարգանքի է արժանի մեծ թվով սիրիացի փախստականների ընդունելու համար»։
Նշենք, որ օգոստոսից կրկին սրվել են թուրք-հունական հարաբերությունները։ Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին:
Նախօրեին հաղորդվել էր, որ Եվրամիության գագաթնաժողովից երկու շաբաթ առաջ թուրքական Oruç Reis սեյսմահետախուզական նավը Արևելյան միջերկրածովյան ջրերից նավահանգիստ է վերադարձել։










