Գնացել են հայրենիքը պաշտպանելու, բա չե՞ն մտածում, որ հայրենիքը պահողին պիտի տեր կանգնեն. անհետ կորած զինծառայողի ծնող
Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները և հարազատները հավաքվել են Պաշտպանության նախարարութjան դիմաց, նրանք ցանկանում են հանդիպել Պաշտպանության նախարարի հետ:
Նշենք, որ այսօր առավոտյան ծնողները հավաքվել էին Էջմիածնի զորամասի դիմաց: Նրանց խոսքով՝ զինծառայողները այդ զորամասից մարտական գործողությունների են մեկնել դեպի Զանգելան: Զորամասի շտաբի պետ կապիտան Կամո Մալխասյանը, նշեց, որ այսօր և վաղը Զանգելանի այդ հատվածում աշխատանքներ են իրականացվելու, ծնողները այնուհետև դիմում -նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատան ներկայացուցչին:
ՊՆ-ից տեղեկացրեցին, որ 4 հոգով կարող են հանդիպել նախարարի հետ, բայց ծնողները նշեցին, որ ցանկանում են որ բոլորը հանդիպեն նախարարին, սակայն ոստիկանները թույլատրեցին, որ միայն կանայք մտնեն Պաշտպանության նախարարություն:
«34 հոգի զինծառայող չկան, մենք եկել պահանջում ենք գտնել նրանց, մեզ պետք է միայն մեր երեխեքին բերեն տան մեզ՝ մեռած կլինեն, թե սաղ: Վերջին անգամ հոկտեմբերի 20-ի իրիկունը խոսացել է կնոջ հետ, ասել է՝ էլ չեմ կարող խոսել ու ամսի 21-ին լուր է եկել, որ երեխաները այդտեղ կռիվ են տվել ու չկան:
Դրանից հետո ամսի 27-ին հեռախոսը միացած է եղել ու հետո անհասանելի է դարձել առ այսօր, չգիտեմ անտառում է, մահացած է, որտե՞ղ է:
Հրամանատարների հետ խոսել ենք, ասում են գեներալն է այդ հրամանը տվել, ո՞ւր է այդ գեներալը, ի՞նչի է տարել այն տարածք առանց զրահաբաճկոնի, թող գան պատասխան տան: ՊՆ նախարարն էլ թող պատասխան տա, թե ինչի՞ են անօրինական գործողութուններ կատարել մեր երեխեքի հանդեպ: Գնացել են հայրենիքը պաշտպանելու, բա չե՞ն մտածում, որ հայրենիքը պահողին պիտի տեր կանգնեն»,-նշեց անհետ կորած զինծառայողի ծնողը:










