ՌԴ ԳԱ փորձագետը «տեսականորեն հնարավոր» է համարել Ադրբեջանը Նախիջևանի, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող նոր միջանցքների ստեղծումը

17:29 • 01.12.20

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող նոր միջանցք ստեղծելը հնարավոր է. տարածաշրջանում արդեն ճանապարհ կա Քարվաճառի շրջանի միջով, բայց այն ավելի երկար է և կարող է պահանջել տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահների թվի ավելացում, իսկ լեռնային շրջաններում բոլորովին նոր ճանապարհ կառուցելը թանկ և երկարատև կլինի:  Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը:

Փորձագետի կարծիքով՝ Քաշաթաղի շրջանը վերադարձրած ադրբեջանական իշխանությունների՝ նաև Բերձոր քաղաքը վերադարձնելու տրամաբանությունը, հասկանալի է:

«Ադրբեջանը կցանկանար վերադառնալ Լաչին, վերադարձնել փախստականներին այնտեղ, քանի որ Ռուսաստանի խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող այս քաղաքի միջանկյալ, տարանցիկ կարգավիճակը այնքան էլ ձեռնտու չէ Ադրբեջանի ղեկավարությանը. նրանք առաջարկում են փոխզիջման տարբերակներ»,-նշել է փորձագետը:

Նրա խոսքերով` «աշխարհագրական տեսանկյունից Հայաստանն ու Ղարաբաղն իրար միացնող ամենակարճ երթուղին անցնում է Լաչինով»:

«Եթե մենք դիտարկենք այլընտրանքային ուղին՝ Քարվաճառի շրջանի տարածքով, այն ավելի երկար է, և այդ պայմաններում երթուղին ապահովելու համար անհրաժեշտ կլինեն այլ քանակությամբ խաղաղապահներ: Բայց սա այնպիսի հարց է, որն Ալիևը դնում է որպես բանակցային, ինչը նրան թույլ կտա հետագայում քննարկել այն»,-նշել է Պրիտչինը:

Նա ընդգծել է, որ Քարվաճառի շրջանի ճանապարհը կառուցված է, բայց «այլ հարց է, որ բավականին դժվար է այն ապահովել  նույն անվտանգությամբ և նույն չափանիշներով, ինչ Լաչինի միջանցքը, քանի որ ավելի երկար է», իսկ լեռնային տեղանքում բոլորովին նոր ճանապարհ կառուցելը  կլինի «շատ թանկ և ժամանակատար»:

«Ինչ վերաբերում է Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքին, ապա սկզբունքորեն ամեն ինչ ասված է նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Փաստորեն, միջանցք պետք է ստեղծվի, մոտավորապես նույն անվտանգության միջոցներով, ինչ Լաչինի միջանցքում, միայն թե սա անցնելու է Հայաստանի հարավային հատվածով և  գտնվելու է  Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանի պաշտպանությունը ապահովող Ռուսաստանի Դաշնության սահմանային ծառայության վերահսկողության տակ»,-ասել է փորձագետը՝ հավելելով,  որ «այս ամենը նշված է հայտարարության մեջ և իրագործելի է»:

Նրա խոսքով՝ պետք է տեսնել, թե որքանով է ենթակառուցվածքը թույլ տալիս ապահովել նման երթուղի Հայաստանի տարածքով, այդ ճանապարհները դժվար թե լինեն կատարյալ վիճակում:

Միևնույն ժամանակ, ըստ Պրիտչինի, և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի, և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող նոր երթուղու ստեղծումը «տեսականորեն հնարավոր են»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։