ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ
Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ, դրա աշխատակազմը հավասարապես կբաժանվի երկու երկրների միջև: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ՊՆ խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին:
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային Պաշտպանության նախարարության միջև նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի համաձայն` համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և գործարկման կարգի վերաբերյալ: Կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում: Ռուսական և թուրքական անձնակազմերը համատեղ կենտրոնի կազմակերպական կառուցվածքում կլինեն հավասար թվով», - ասել է Կոնաշենկովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։










