Իրանցի բարձրաստիճան ֆիզիկոսի սպանության ֆոնին իսրայելական օդուժն ակտիվություն է ցուցաբերում Լիբանանի երկնքում. լրատվամիջոցներ

17:20 • 01.12.20

Իսրայելական օդուժի կործանիչները երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ին, բազմիցս ներխուժել են Լիբանանի օդային տարածք և շարունակում են ինտենսիվ հետախուզական թռիչքներ իրականացնել Լիբանանի՝ Սիրիայի հետ սահմանակից շրջաններում։

Ինչպես հաղորդում է EADaily-ն՝ հղում անելով El Nashra լրատվական պորտալին, իսրայելական ինքնաթիռները մի քանի անգամ հայտնվել են Բեյրութի, ինչպես նաև դրա հարավային ծայրամասերի երկնքում, որտեղ բնակվում են «Հեզբոլլահ» շիա իսլամիստական կուսակցության կողմնակիցները, որոնց մարտիկները հարևան Սիրիայում աջակցում են կառավարական զորքերին։

Իսրայելական անօդաչու սարքեր են նկատվել նաև Ջեբել էշ-Շեյխ լեռնաշղթայի, Գոլանի բարձունքների մոտակայքում գտնվող Շեբաա ֆերմաների և Ակրուբ, Հասբայա ու Ռաշայ ալ-Վադի բնակավայրերի շրջանում։

Իսրայելական օդուժի թռիչքների ինտենսիվութունը Լիբանանի օդային տարածքում մեծացել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանն ի պատասխան «Հեզբոլլահի» մարտիկների հնարավոր զինված հարձակման պատճառով։

Գիտնականը զոհվել է զինված հարձակման հետևանքով. Թեհրանը, Դամասկոսն ու «Հեզբոլլահը» սպանության համար մեղադրում են իսրայելական հատուկ ծառայություններին։

«Օրյան-ժուր» տեղական թերթը հաղորդել է, որ արտակարգ առաքելությամբ Լիբանան է այցելել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Իսմայիլ Քաանին։ Թերթի տվյալներով՝ իրանցի գեներալը հանդիպել է «Հեզբոլլահի» առաջնորդ շեյխ Հասան Նասրալայի հետ և կոչ է արել շիայական զորքերին պատրաստ լինել Իսրայելի հնարավոր հարձակումներին։

Միևնույն ժամանակ աղբյուրը, որին հղում է անում «Օրյան-ժուր»-ը, նշել է, որ Քաանին կոչ է արել կուսակցության ղեկավարությանն առայժմ խուսափել «անվերահսկելի զինված գործողություններից, որոնք կարող են հրահրել Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնել»։ Ավելի վաղ Քաանին հանդիպել էր նաև Իրաքի շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման հրամանատարության հետ և հանդես է եկել նմանատիպ խնդրանքով։

Շեյխ Նասրալան, իր հերթին, հեռուստատեսային ուղերձի ժամանակ դիմել իր կողմնակիցներին՝ նշելով, որ ԱՄՆ-ի՝ Դոնալդ Թրամփի գլխավորած լքող վարչակազմը կարող է ռազմական առճակատման գնալ Իրանի հետ, ուստի հարկավոր է «զգոնություն ցուցաբերել Ամերիկայի կողմից հնարավոր ագրեսիվ արկածախնդրության առջև»։