Հայաստանի նոր ղեկավարը փրկիչ չի լինելու, լինելու է քաղաքական գործիչ ու կառավարիչ, որը ստիպելու է դուրս գալ դեպի իրականություն. Աղասի Ենոքյան
Հայաստանի նոր ղեկավարը փրկիչ չի լինելու, լինելու է քաղաքական գործիչ ու կառավարիչ, որը ստիպելու է դուրս գալ դեպի իրականություն, որը փակելու է ֆեյքաֆաբրիկաները, և հայտարարելու է, որ մենք պարտվել ենք պատերազմում, մենք հազարավոր զոհեր ենք տվել, անվտանգություն ենք կորցրել։ Այս մասին, ադրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գրառմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Գրառումը՝ ստորև.
«Միքայել Մինասյանն այսօր վերլուծություն էր ներկայացրել Հայաստանի քաղաքական, բայց ավելի շատ հոգեբանական վիճակի մասին, որտեղ նշել էր. «Փախչում ենք իրականությունից։ Մինչդեռ սուգը իրականության հետ առերեսումն է, կորստի գիտակցումը։
Մենք փորձում ենք չգիտակցել՝ ինչ կատարվեց, ապրել նույն իներցիայով, ընկնել նույն թակարդը։»
Սա երևի մեծագույն խնդիրն է, որի մեջ այսօր ընկղմված է Հայաստանը, երևի սա է նիկոլիզմի հիմքը։ Մենք աշխատում ենք չառերեսվել իրականության հետ, եթե այնտեղ մեզ հարմարավետ չենք զգում, մենք փնտրում ենք հարմար միջավայրեր, գեղեցիկ խոսքեր, գովասանքներ ու ստեր։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կոմերցիոն հաջողությունը հիմնված է հենց նման մի ալգորիթմի վրա, երբ ձեր լրահոսում հայտնվում են այն լուրերը, որոնք ձեր դուրը գալիս են, որոնց դուք կսրտիկեք, «lik» կդնեք, այդ դեպքում դուք ավելի շատ ժամանակ կանցնացնեք ֆեյսբուքում, ավելի շատ գովազդ կնայեք, իսկ ֆեյսբուքն էլ ավելի շատ փող կաշխատի։
Մեզ հրամցնում են հաճելի նորություններ, մենք սովորում ենք դրանց և ընդարմանում դրանց մեջ, իսկ երբ պարզվում է, որ Արծրունը ստում էր, և պատերազմը վաղուց պարտվել ենք, պարզապես կաթվածահար ենք լինում, ու էլի չենք կարողանում դուրս գալ մեր «Ֆեյսբուք-Հայաստանից»։
Երբ Նիկոլն անընդհատ ստում է, մենք չենք պահանջում ճշմարտությունը, որովհետև մեզ հարմար է այդ ստերի ստեղծած վիրտուալությունը, որտեղ մենք ճիշտ ենք ու հզոր։ Իսկ որ աղքատ ենք ու պարտված, դա մեր հետ կապ չունի, դա մեզնից դուրս գտնվող ինչ-որ չար ուժեր են, ինչ-որ «սևեր», ինչ-որ «նախկիններ»։ Իսկ իրավիճակից դուրս գալու համար դարձյալ մեր դերը չենք տեսնում, մենք արդեն մեզանից հասնող «դըմփ-դըմփ հու»-ն արել ենք ու մեր գործը ավարտել, մենք կշարունակենք մեր համար կոմֆորտ տաքսին քշել, մեր կոմֆորտ օրական 3 հազար դրամն առնել, մինչև Նիկոլը նախկիններից սաղ փողերը կխլի ու մեզ կբաժանի, մինչև նրանց դղյակները կվերցնի ու մեր բանակը կդարձնի անպարտելի։ Ու դրա համար էլ մեզ հաճելի են ֆեյքային հայհոյանքները և զոմբիների անեծքները, քանի որ ամրապնդում է մեր հավատը, թե մենք կապ չունենք այս ամենի հետ, կա փրկիչ Նիկոլ, որը պայքարում է չար ուժերի ու նախկինների դեմ։
Չգիտեմ, թե որն է սրա պատճառը․ միգուցե սովետական անցյալը, որը պնդում էր, որ մի օր վրա է հասնելու մեզնից դուրս գտնվող կոմունիզմը, ու բոլորս դառնալու ենք հարուստ ու երջանիկ, միգուցե մեր պատմությունը, որտեղ մեր ամենասիրելի թագավորը մնում է Քաջ Նազարը։ Լինելով առաջինը քրիստոնեություն ընդունած երկիր, մենք հավատում ենք արտաքրիստոնեական, կոնտեքստից դուրս Հրաշագործ աստծուն, ոտնահարելով Աստծուց վախենալու հինկտակարանային պահանջը եւ մերժելով Աստծուն սիրելու նորկտակարանային ընտրությունը։
Իրականությունը դաժան է՝ պարտություն և աղքատություն, համատարած սուգ։ Այս իրականությունից դուրս գալը և նորը կերտելու համար պետք է պայքարել, պետք է մաքառել, բայց մենք գերադասում ենք մնալ մեր հաշիշային ֆեյսբուքում ու կողքից նայել այդ իրականությանը։
Կա վատ լուր․ Հայաստանի նոր ղեկավարը փրկիչ չի լինելու, լինելու է քաղաքական գործիչ ու կառավարիչ, որը ստիպելու է դուրս գալ դեպի իրականություն, որը փակելու է ֆեյքաֆաբրիկաները, և հայտարարելու է, որ մենք պարտվել ենք պատերազմում, մենք հազարավոր զոհեր ենք տվել, անվտանգություն ենք կորցրել։
Այս լուրին է, որ չենք ուզում վարժվել։ Համաձայն եք, այո Նիկոլը պետք է գնա, բայց հարցնում ենք՝ իսկ ո՞վ է լինելու նրա փոխարեն։ Տալիս են մի 6-7 անուն։ Ոչ մեկին էլ համաձայն չեք՝ մեկը նախկին է, մյուսի սանրվածքը լավը չի, երրորդի ակնոցն է հնաոճ, դրանցից ոչ ոք փրկչի նման չի։
Եվ այս ամենի մեջ մի մեծ հարց, որի պատասխանի վրա գլուխ են ջարդում քաղաքական գործիչները․ էլ ի՞նչ պետք է լինի մեզ հետ, որ դուրս գանք դեպի իրականություն, և որի պատասխանը գիտի միայն Նիկոլը․ «Ձեզ պետք չի դուրս գալ «Ֆեյսբուք-Հայաստանից», ես կշարունակեմ ստեր ասել, դուք մնացեք հպարտ, ու իմացեք, որ մյուսներն են մեղավոր»։
Տաղանդավոր քաղաքագետ և հրապարակախոս վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանը տասնամյակներ առաջ հարց էր բարձրացրել, որին մինչեւ այսօր պատասխան չկա․ «Ինչո՞ւ Հայաստանը չի աղոթում»»։










