Բայդենը հաստատել է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո պատրաստ է վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին

12:00 • 02.12.20

ԱՄՆ նախագահական ընտրությունների հավանական հաղթող Ջո Բայդենը The New York Times թերթին տված հարցազրույցում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն է հայտնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հարցին, թե արդյոք պահպանում է իր ավելի վաղ արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է վերադառնա Իրանի հետ միջուկային գործարքին, Բայդենը դրական պատասխան է տվել։

«Դա հեշտ չի լինի, բայց այո»,- պատասխանել է նա։

Բայդենի խոսքով՝ ապագա վարչակազմը մտադիր է «դաշնակիցների և գործընկերների հետ մասնակցել բանակցություններին և մշակել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կամրապնդեն և երկարացնեն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումների գործողությունը»։

Բայդենը նաև ընդգծել է, որ համաձայնագիրը, որը կվերահսկի Թեհրանի միջուկային ծրագիրը, համարում է «տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն գործիքը»:

«Աշխարհի այդ հատվածում միջուկային ներուժի ավելացումը վերջին բանն է, ինչ մենք ցանկանում ենք»,- հավելել է նա։

Ավելի վաղ Բայդենը բազմիցս հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է վերադառնալ ԳՀՀԾ-ին:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015թ.-ին կնքված համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Համաձայնագիրը նախատեսում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման դիմաց Թեհրանի կողմից միջուկային մշակման սահմանափակում: