«Իրանի միջուկային գիտությունն անմահ է, այն անհնար է ոչնչացնել»․ Իրանի կառավարության խոսնակ

11:15 • 02.12.20

Իրանի միջուկային գիտությունն անմահ է, այն անհնար է ոչնչացնել. այս մասին երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին՝ ընդգծելով, որ իրանցի ժողովուրդը հոգեբանական պատերազմի ծուղակում չի հայտնվել, գրում է Tasnim News Agency-ն։

Նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ռաբիին հայտարարել է, որ իրանցի ականավոր գիտնական Ֆախրիզադեի սպանությունը չի խաթարել թշնամուն դիմակայելու իրանցի ժողովրդի վճռականությունը:

«Ահաբեկիչներն, անկասկած, չեն կարող հասնել իրենց նպատակներին»,-ասել է նա՝ հավելելով, որ երկրի միջուկային և պաշտպանական տեխնոլագիաներն անհնար է ոչնչացնել։

Նրա խոսքով՝ իրանցիները ոչ միայն հոգեբանական ճնշման չեն ենթարկվել, այլև իրական թշնամիներից ազգային շահերը պաշտպանելու գործում ավելի զգոն ու համախմբված են դարձել։

«Ահաբեկիչները շատ լավ հասկանում են, որ չեն կարող արգելակել Իրանի գիտական առաջընթացը, չեն կարող խանգարել մեզ օգտվել խաղաղ միջուկային տեխնոլոգիաներից և արդյունավետ դեր խաղալ խաղաղության և անվտանգության ապահովման գործում, ուստի դիմեցին ահաբեկչական գործողության»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։