«Իրանցի գիտնականի սպանությունը հանցավոր ակտ է. կան մարդիկ, որոնք չեն ցանկանում վերականգնել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը». Բորել

12:43 • 02.12.20

ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի աղմկահարույց սպանությանը՝ այն «հանցավոր ակտ» որակելով, գրում է Tasnim գործակալությունը:

Երեքշաբթի օրը «ԵՄ-ն փոփոխվող աշխարհում» թեմայով առցանց բանավեճի շրջանակներում Բորելը` ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության նախկին ղեկավարներ Ֆեդերիկա Մոգերինիին և Խավիեր Սոլանային ասել է. «Սա քրեական ակտ է, սա այն ձևը չէ, որով խնդիրներ են լուծվում»:

Մանրամասն անդրադառնալով սպանությանը՝ Բորելը շեշտել է, որ կան մարդիկ, որոնք չեն ցանկանում վերականգնել ավելի վաղ Իրանի հետ կնքած պատմական միջուկային համաձայնագիրը, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA): Նա շեշտել է նաև, որ ԵՄ անդամ երկրները, հակառակ ԱՄՆ-ի համաձայնագրից դուրս գալուն, այս տարիների ընթացքում փորձել են պահպանել այն: 

Բորելը հույս է հայտնել, որ Եվրոպական միությունը կկարողանա համոզել ԱՄՆ-ին վերադառնալ համաձայնագրի շրջանակներ, իսկ Իրանին կկարողանալ համոզել կատարել դրանով սահմանված իր պարտավորությունները:

Իրանի ՊՆ-ի Պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն թիրախ էր դարձել Թեհրանի Դամավանդ շրջանի Աբսանդ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակ, որի ընթացքում տեղի են ունեցել պայթյուն և կրակահերթեր: Նա սպանվել է նոյեմբերի 27-ին:

Իրանի կառավարության պաշտոնյաներն ու ռազմական հրամանատարները ակնարկել են, որ Իսրայելը կարող է կանգնած լինել այս ահաբեկչության ետևում՝ խոստանալով կոշտ պատասխան`ահաբեկչությանն ընդգրված բոլոր անդամներին: