68.000 դրամ միանվագ աջակցություն կստանան Արցախում հաշվառում ունեցող բոլոր երեխաները՝ անկախ ծնողի շահառու լինելու հանգամանքից. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68,000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է, տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Այսուհետ աջակցություն կստանան Արցախում հաշվառում ունեցող բոլոր երեխաները՝ անկախ ծնողի շահառու լինելու հանգամանքից․ պարտադիր պայման է միայն, որ ծնողն Արցախի հաշվառում ունենա։
Սոցաջակցության ծրագրից կարող են օգտվել նաև հոկտեմբերին ՀՀ-ում աշխատավարձ չստացած արցախցիները․այսուհետ շահառու չեն հանդիսանալու միայն 2020թ հոկտեմբերին Հայաստանում աշխատավարձ ստացած քաղաքացիները՝ նախկինում 2020թ հունվար֊հոկտեմբեր ամիսների որևէ ժամանակահատվածում աշխատավարձ ստացած քաղաքացիների փոխարեն։
Հանվել է նաև ՀՀ-ում անհատ ձեռներեց լինելու դեպքում շահառու չհանդիսանալու պահանջը։
Այսպիսով, եթե նախկինում մուտքագրված դիմումը մերժվել է անհատ ձեռներեց լինելու, հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում եկամուտ ստանալու, իսկ անչափահասի դեպքում՝ ծնողի շահառու չհանդիսանալու հիմքով, ապա խնդրում ենք մուտքագրել նոր դիմում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր է տեղափոխվել ավելի քան 27 հազար քաղաքացի:










