Ռ. Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք քաղաքականապես ակտիվ են և մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների. նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել. 2-րդ նախագահի գրասենյակ
Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ ԱԱԾ-ն, բառացիորեն արտատպելով Փաշինյանի խոսնակի հին տեքստերից մեկը, մի հաղորդագրություն է տարածել, ուր ազդարարել է Կառավարության շենքի դիմաց բողոքի գործողությունների մասնակիցների մեջ Նախագահ Քոչարյանի կողմնակիցներին հերոսաբար հայտնաբերելու մասին։ Այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
«Հարկ ենք համարում նշել, որ նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել։ Հանրահայտ փաստ է, որ Նախագահ Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են և մշտապես մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների և հանրահավաքների։
ԱԱԾ ֆունկցիաները և կարողություններն անհրաժեշտ են մեկ այլ՝ դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում։
Մի՛ հապաղեք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածե, որում մասնավորապես նշել էր, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ ի թիվս այլ քաղաքական հայացքներ ունեցող անձանց, եղել են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ:










