Իրանը հաստատել է, որ իրանցի միջուկայնագետի սպանության ժամանակ արբանյակային կառավարման միջոց է օգտագործվել

20:44 • 06.12.20

Իրանցի ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը կազմակերպվել է արբանյակային կառավարմամբ ժամանակակից էլեկտրոնային միջոցների կիրառմամբ:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը:

«Ֆախրիզադեի սպանության համար կիրառվել է ժամանակակից էլեկտրոնային միջոց՝ արբանյակային ղեկավարմամբ»,- ասել է Շարիֆը: Վերջինիս խոսքով՝ «իսրայելցիները լավ են հասկանում, որ իրենց գործողություններն անպատասխան չեն մնա»:

Այս շաբաթ ավելի վաղ «Ալ-Ալամ» իրանական հեռուստաալիքը հայտնել էր, որ Ֆախրիզադեի սպանությունը տեղի է ունեցել ավտոմատ հրազենից, որը կառավարվել է արբանյակի միջոցով:

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն, որը ղեկավարելիս է եղել երկրի ՊՆ-ին կից հետազոտությունների և նորարարությունների կենտրոնը, սպանվել է նոյեմբերի 27-ին Թեհրանում: