Իշխանություն չունենք, դրա համար էլ համայնքների բնակիչներն են բանակցում ադրբեջանցիներ հետ. GPS սահմանազատումը ևս մեծագույն պարտություն է. Կարեն Հովհաննիսյան
Թե ինչու են համայնքների բնակիչները բանակցում ադրբեջանցի զինվորականների հետ, կա մեկ պատասխան՝ բառի բուն իմաստով չունենք իշխանություն, որն իրավասու լինի այդ սահմանազատման աշխատանքներին մասնակից լինել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Այսինքն, չկա մի այնպիսի մարմին կամ գերատեսչություն, որը հանձն կառնի այդ գործառույթը և կիրականացնի: Դա կարող են անել Տարածքային կառավարման նախարարությունը, մարզպետարանները, բայց չեն իրականացնում այդ գործառույթը և ստիպված յուրաքանչյուր համայնք մի կերպ փորձում է իր գլխի ճարը տեսնել»,- նշեց նա:
Կարեն Հովհաննիսյանը նաև խնդրահարույց է համարում այն սկզբունքները, որով տեղի է ունենում սահմանազատումը՝ խորհրդային սահմաններով, GPS համակարգերով:
«Որպես այդպիսին խորհրդային ժամանակաշրջանում չեն եղել սահմաններ, այդ ժամանակ եղել են ոչ թե պետությունների, այլ կոլտնտեսությունների համար նախատեսված սահմանազատումներ: Այդ կոլտնտեսությունները ժամանակին նաև միմյանց միջև ձեռք են բերել պայմանավորվածություն, որ 1, 2 կամ 5 տարով այս կամ այն տարածքը ժամանակավորապես տրամադրում են մեկ այլ կոլտնտեսության, որը խնդիր ունի արոտի հետ: Եվ այսօր հիմք ընդունել Google-ով գծած քարտեզը ու դրանով GPS-ով սահմանազատում անել, դա ամենաթող վիճակի վկայությունն է»,- ասաց նա
Փորձագետի խոսքով՝ սահմանազատումը բավականին բարդ պրոցես է, ճշգրտումները տարիներ են տևում: Նա նկատեց, որ մինչ այսօր Խորհրդային միության շատ երկրներ խնդիրներ ունեն սահմանների հետ կապված: Օրինակ՝ Վրաստանի և Ադրբեջանի դեպքում նմանատիպ սահմանային խնդիր է Գարեջայի վանական համալիրը:
«Այս GPS սահմանազատումը ևս համարում եմ մեծագույն պարտություն` դիվանագիտական դաշտում, որովհետև աշխարհում չկա նման օրինակ, որ մասնավոր ընկերության տրամադրած տվյալների հիման վրա իրականացվեն միջպետական գործառույթներ, որը դառնալու է լեգիտիմ սահման: Այսինքն, թողած վավերական քարտեզները, որոնք հաստատված են կնիքով, ստորագրություններով, մենք վերցնում ենք մասնավոր ընկերության տվյալները և գծում ենք սահման»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո էլ, ըստ նրա՝ հնարավոր է տարածքների վերաբերյալ բանակցություններ վարել և ի նպաստ հայկական կողմի որոշումների հանգել:
«Կան բոլոր շանսերը, որ մենք կարող ենք սահմանազատումն անել այնպես, որ մենք ունենանք ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր: Բայց վստահ չեմ, որ այս իշխանությունը կարող է նման աշխատանք տանել, եթե կարողանար տանել, ապա գոնե այլ շարադրությամբ փաստաթուղթ կստորագրվեր: Այդ փաստաթուղթը հայոց պատմության ամենաազգադավ փաստաթուղթն էր»,- ասաց ռազմական փորձագետը:










