«Ժամանակակից աշխարհում բոլորի համար տեղ կա, եթե հակամարտությունների կարգավորմանը մասնակցեն ազնվորեն». Լավրովը մեկնաբանել է ԼՂ-ի վերաբերյալ Բորելի հայտարարությունը

17:24 • 07.12.20

Ժամանակակից աշխարհը ենթակա չէ ազդեցության ոլորտների բաժանման, բոլորի համար տեղ կա, եթե նրանք ազնվորեն մասնակցեն հակամարտությունների կարգավորմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ria.ru-ն։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ուրբաթ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների «աստանայացումը» (Աստանայի սիրիական կարգավորման ձևաչափի անվանումից) այդ երկրներին թույլ է տվել կիսել ազդեցության ոլորտները Սիրիայում, Լիբիայում և Կովկասում:

«Ես հույս ունեմ, որ Եվրամիությունը ժամանակակից վարքագիծ կդրսևորի և չի փորձի ժամանակակից աշխարհը ներկայացնել որպես ազդեցության ոլորտների բաժանման ենթակա։ Բոլորի համար տեղ կա, եթե այս կամ այն հակամարտության կարգավորմանը մասնակցեն ազնվորեն, այլ ոչ թե հանուն ինչ-որ աշխարհաքաղաքական շահերի և կողմնակի առավելությունների»,- ասել է Լավրովը:

Նրա կարծիքով՝ Բորելը մտահոգված է, որ մեկ ուրիշը, բացի ԵՄ-ից, կարող է նախաձեռնող քայլեր անել ԼՂ-ի հարցում։

«Ես այդպես եմ հասկանում, նա մի քիչ մտահոգված է, որ Եվրամիությունից բացի մեկ ուրիշը կարող է ինչ-որ նախաձեռնողական քայլեր անել ժամանակակից աշխարհում»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։