Նոյեմբերի 9-ից սկսվել է իշխանության լեգիտիմության վերացումը, և այդ քայքայումը այն արագությամբ է սկսել, որ հիմա Փաշինյանը փաստացի չունի իշխանություն. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

16:42 • 07.12.20

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և ընդդիմության հանրահավաքին:

«Փաստացի ունենք իրավիճակ, երբ կա ընդգծված երկու հակադիր կողմեր․ մեկը՝ դավաճան իշխանությունների՝ 5000 զոհ տված և մի քանի հարյուր գերության մեջ զինվոր ունեցող և մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց անտուն թողած իշխանության տեսքով, մյուս կողմից՝ միասնական ընդդիմության տեսքով, որը, բարեբախտաբար, Հայաստանում կատարված փաստ է: Մենք ունենք ընդդիմություն, որը միասնական է և ունենք ընդդիմության միասնական թեկնածու, ով հայտարարել է, որ չի մասնակցելու որևէ ձևաչափով արտահերթ ընտրություններին, և ունենք բազմամարդ փողոցներ: «Առանց Նիկոլ Հայաստան» երթի ժամանակ քայլելիս ասացի՝ Հայաստանում իրավիճակ է փոխվել, այլևս մարդիկ չեն լռելու, և կտեսնեք այս ամենի շարունակությունը»,- նշեց նա:

Նարեկ Սամսոնյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, որ հանրահավաքները այդքան էլ բազմամարդ չեն, ընդգծեց, որ պետք է հաշվի առնել կորոնավիրոսի պայմանները, որը նվազեցնում է մարդկանց թիվը, և պատերազմում 5000 զոհի ընտանիքները, որոնց մի մասը չեն ցանկանում մասնակցել հանրահավաքի. «Նիկոլ Փաշինյանը, երբ իշխանությունը զավթում էր, մինչև ապրիլի 22-ը չի ունեցել որևէ բազմամարդ հանրահավաք, անգամ 5000 մարդ չի հավաքվել, իրենք էլ դա շատ լավ գիտեն, ուղղակի հիմա մանիպուլացնում են»:

 Ըստ նրա՝ ցանկացած իշխանություն հենվում է ուժային աղբյուրների կոնսոլիդացիայի վրա, որքան ուժային աղբյուրները ենթարկվում են իշխանությանը, այնքան իշխանությունն ունի թե՛ ուժ կիրառելու, թե՛ իշխանությունը լեգիտիմ ձևով պահելու հնարավորություն:

«Նոյեմբերի 9-ից սկսվել է իշխանության լեգիտիմության վերացումը, և այդ քայքայումն այն արագությամբ է սկսել, որ հիմա Փաշինյանը փաստացի չունի իշխանություն: Իրավական համակարգում իշխանությունն ունի մեծ պրոբլեմներ՝ ոստիկանությունը հատվածական առումով  չի ենթարկվում Փաշինյանին, դա բոլորը գիտեն, և նրանք ստիպված էին դիմակավոր չինական ոստիկաններին բերել, բայց տեսան, որ թարս աշխատեց, և դիմակավոր ոստիկանները այլևս չկան: Ոստիկանությունը հասկացավ, որ այս մարդու օրոք ոչ միայն իրենց տնտեսական վիճակն է վատանում և իրենց անունն է ընկնում․ իրենց հլու-հնազանդ «դըմփ -դըմփ- հու»- ի կամ «պողոսների» պաշտպաններ են ասում, այլև իրենց ֆիզիկական անվտանգությունը դրված է հարցականի տակ: Հետևաբար ոստիկանության 75 տոկոսը չի պատկանում Նիկոլ Փաշինյանին»:

Մանրամասները՝ տեսանյութում։