ԱՄՆ ռազմածովային ուժերը հերթական նախազգուշացումն են ուղարկել Ռուսաստանին․ The National Interest

15:31 • 07.12.20

ԱՄՆ-ի հականավային ինքնաթիռները, հետախուզության վարման միջոցները և հզոր սպառազինությամբ Էսկադրային ականակիրը վերջերս դաշնակից երկրների հետ համատեղ մարտական վարժանքներ են անցկացրել և Սև ծովում հակաօդային պաշտպանության մի շարք խնդիրներ կատարել: Զորավարժությունները հերթական անգամ ցույց են տվել, որ չնայած ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Խաղաղ օվկիանոսում Չինաստանի հնարավոր սպառնալիքին, Ռուսաստանի զսպումը կարևոր առաջնահերթություն է մնում ԱՄՆ-ի և նրա գործընկերների համար, գրում է The National Interest-ը։

Նշվում է, որ վերջերս Առլի Բերք տիպի Էսկադրային ականակիրը Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության ավիացիոն հրամանատարության հետ համատեղ հակաօդային պաշտպանության զորավարժություններ է անցկացրել ։

«Դոնալդ Քուկը» Առլի Բերք տիպի Էսկադրային ականակիրը գործել է ամերիկյան P-8A ինքնաթիռների, կանադական CF-188-ի և ՆԱՏՕ-ի E3A AWACS օդանավերի հետ համատեղ։

Անդրադառնալով զորավարժություններին այլ սպառազինությունների կիրառմանը՝ նշվում է, որ  P-8A Poseidon («Պոսեյդոն») ռազմական ինքնաթիռը, որն աշխատում է ամերիկյան սուզանավերի հետ, կարող է արդյունավետորեն բալիստիկ հրթիռներով ռուսական ատոմային սուզանավեր որսալ։

P-8A Poseidon-ը կարող է օդում գտնվել 10 ժամ, իսկ նրա թռիչքի հեռավորությունը կազմում է 1 900 կիլոմետր: Այս ինքնաթիռն ունի վեց լրացուցիչ վառելիքի բաք, որոնք թույլ են տալիս նրան որոնումներ իրականացնել օվկիանոսային ընդարձակ տարածություններում։

Ինչպես նշված է հոդվածում, հականավային ինքնաթիռների, ավիացիոն հետախուզության միջոցների և ռազմածովային ուժերի Էսկադրային ականակիրների միջև փոխգործակցության հաստատումը ՆԱՏՕ-ին ռուսական սուզանավերի և ծովում Ռուսաստանի այլ գործողություններին հետևելու նոր մարտավարական հնարավորություններ կտա։