Պատերազմի ժամանակ ստորագրված փաստաթուղթը չի կարող համարվել պայմանագիր, ես դա համարում եմ անարդար, պարտադրված զինադադարի փաստաթուղթ․ Հովհաննես Իգիթյան

15:18 • 07.12.20

Ով համարում է, որ այդ հայտարարությունը կապիտուլյացիա է, ինքը նաև համաձայն է միջազգային իրավունքի տեսակետից այն անօրինականություններին, որոնք տեղի են ունենում մեր սահմաններին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությանը։

«Կապիտուլյացիան այն է, որ դու թշնամուն տալիս ես քո սուվերենիտետը, սահմանները։ Արդյո՞ք մենք համաձայն ենք դա տալուն, իհարկե ոչ։ Ես խնդրեցի մարդկանց, որ չփորձեն հայտարարությունն արդարացնել, որովհետև այն՝ որպես տեքստ, արդարանալու բան չէ։ Ես համաձայն չեմ, որ այդ հայտարարությունը ԼՂ հարցի լուծում է։ Ես հիմա աշխատում եմ, որ այդ հայտարարությունը չդառնա Մինսկի խմբի բանակցային կոնցեպտի մաս»,- ասաց պատգամավորը՝ նշելով նաև, թե իր կարծիքով՝ ԱԺ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա։

«Ես հիմա պնդում եմ, որ ԱԺ-ն պետք է հայտարարություն անի և իր անհամաձայնությունը հայտնի, որ այդ հայտարարությունը չդառնա ԼՂ լուծման կոնցեպտը։ Պետք է այնպես անել, որ այդ հայտարարությունը համարվի միայն ու միայն պարտադրված զինադադարի փաստաթուղթ, որն ուղղակի փրկեց հազարավոր կյանքեր։ Ցանկացած փաստաթուղթ, որ ստորագրված է պատերազմի գործողությունների ժամանակ, չի կարող համարվել պայմանագիր, որովհետև բանակցելու համար պատերազմը պետք է դադարեցվի։ Ես դա համարում եմ անարդար, պարտադրված զինադադարի փաստաթուղթ։ Ես, ճիշտն ասած, սպասում էի, որ մեր դաշնակից Ռուսաստանն այսպես վարվի, բոլոր ջանքերը գործադրի զինադադար հաստատելու համար, որ արդեն ոչ պատերազմական իրավիճակում մենք շարունակենք բանակցությունները»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ժամանակավոր կառավարության ձևավորում, պատգամավորն արձագանքեց․

«Ես՝ որպես պատգամավոր, գտնում եմ, որ ազգային միասնությունը լինում է ոչ թե մեկի հրաժարականի պահանջով և դա ստեղծվում է որպես հիմնական օրակարգ, այլ լինում է գաղափարների և ծրագրերի շուրջ։ Ես ցավում եմ, որ փորձառու դիվանագետներն այս պահին դուրս են գալիս, ինձ թվում է, որ պետք է հավաքել այդ մարդկանց։ Այսօր որևէ բան չի խանգարում բոլոր նրանց, որոնք ունակ են այս իրավիճակում ծրագիր իրականացնել, միավորվել ոչ թե մարդու շուրջ, այլ պետության։ Ես եղել եմ այն մարդը, որը միշտ պետության համար է աշխատել։ Ինձ համար միևնույն էր՝ այդ պետության ղեկավարը Լևոն Տեր-Պետրոսյա՞նն էր, Ռոբերտ Քոչարյա՞նը, Սերժ կամ Փաշինյան։ Ինձ համար գոյություն ունի Հայաստան։ Ես կարող եմ դուրս գալ և որպես հասարակ քաղաքացի էլ աշխատել Հայաստանի համար»,-ասաց նա։

Հովհաննես Իգիթյանը նշեց, որ պետք է բոլորս մտավախություն ունենանք, որ հանկարծ Հայաստանում ֆիզիկական բախումներ չլինեն, խոսքը քաղաքական բանավեճի մասին չէ։ «Ես լսում եմ տարբեր մարդկանց ելույթներ և չեմ տեսնում իրավիճակից ելնելու առաջարկներ, այլ տեսնում եմ մարդկանց դեպի ագրեսիվություն տանելու հորդորներ։ Երբ պետությունը վտանգված է, մարդիկ պետք է ոչ եթե մարդկանց շուրջ միավորվեն, այլ իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնեն»,-նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ են խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում այդքան ոստիկաններ դուրս բերվում, պատգամավորն արձագանքեց, որ Ոստիկանությունն ինքը պետք է որոշի այն ձևը, որով պետք է հասարակական կարգը պահպանի՝ համաչափ ձևով։