Հնդկաստանում ավելի քան 350 մարդ վարակվել է անհայտ հիվանդությամբ. գրանցվել է մահվան 1 դեպք
Անհայտ հիվանդության բռնկման պատճառով ավելի քան 350 մարդ է տեղափոխվել Հնդկաստանի Անդրա Պրադեշ նահանգի Էլուրու քաղաքի հիվանդանոց. նրանցից մեկը մահացել է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով India TV-ին:
Հիվանդները հոսպիտալացվել են գլխապտույտի և էպիլեպսիայի, հանկարծակի ուշաթափության, բերանից փրփուրային արտադրության և դողի առկայության գանգատներով:
Բժիշկներին դեռ չի հաջողվել պարզել հանկարծակի առաջացած հիվանդության պատճառը՝ չնայած նրանք անցկացրել են արյան թեստեր և ուղեղի համակարգչային տոմոգրաֆիա: Ողնուղեղի հեղուկի վերլուծությունը նույնպես նորմալ արդյունք է տվել: Պատճառը հնարավոր է հայտնաբերվի հետագա ուսումասիրությունների ժամանակ:
Ըստ բժիշկների տվյալների, ավելի քան 180 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, շուրջ 160-ը շարունակում է բուժումը:
«Հիվանդների մեծ մասն ապաքինվել է, մնացածի վիճակը կայուն է: Մենք պատրաստել ենք 50 մահճակալ Վիջայավադայի կենտրոնական պետական հիվանդանոցում` անհրաժեշտության դեպքում հիվանդներին տեղափոխելու համար: Մեր բժշկական թիմերը ներգրավված են յուրաքանչյուր հիվանդի բուժման գործում»,-ասել է Ալլա Կալի նահանգի առողջապահության նախարար Կրիշնա Շրինիվասը:
Հիվանդության պատճառը պարզելու համար քաղաք են գործուղվել Սննդառության ազգային ինստիտուտի, Քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտի և Համահնդկաստանյան բժշկական գիտությունների ինստիտուտի բժշկական բրիգադները:
Էլուրա կայցելի նաև Անդրա-Պրադեշ նահանգի գլխավոր նախարար Ջագան Մոհան Ռեդին: Նախատեսվում է, որ նա կշփվի հիվանդների հետ և կհանդիպի տեղի պաշտոնյաների հետ:










