«ՈԴ-ն առաջարկել է ԼՂ-ում մարդասիրական արձագանքման կենտրոնը դարձնել միջազգային` դրանում ներառելով նաև Հայաստանն ու Ադրբեջանը». Լավրով

16:18 • 07.12.20

Քննարկվում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու գործնական ասպեկտները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք խոսել ենք նաև մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հետ կապված հարցերի մասին. սա նախագահ Պուտինի նախաձեռնությունն է: Մենք առաջարկել ենք այդ կենտրոնը դարձնել միջազգային՝  Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ»,-ասել է Լավրովը հայ գործընկերոջ՝  Արա Այվազյանի հետ բանակցություններին հաջորդած ճեպազրույցում:

«Այժմ  քննարկվում են նման նախաձեռնության գործնական հարցեր, դրա իրականացմանը կմասնակցեն Ռուսաստանի շատ նախարարություններ և գերատեսչություններ»,-ավելացրել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը հայտարարել է նաև, որ փախստականների վերադարձին նպաստելը դառնում է կայուն գործընթաց, և մարդիկ իրենց ավելի վստահ են զգում այս գործընթացում:

«Եվ մենք ամեն կերպ կուժեղացնենք այդ տրամադրությունները, դրան կաջակցեն նաև Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ մարդասիրական արձագանքման կենտրոնը միջազգային դարձնելու շուրջ ընթացող բանակցությունները: Համապատասխան փաստաթղթերն այժմ քննարկվում են համապատասխան կառույցների միջոցով», -ասել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։