«Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումից հետո ԼՂ կարգավորման վերաբերյալ հանդիպում կանցկացնեն». ՀՀ ԱԳ նախարար

17:09 • 07.12.20

Երևանը և Բաքուն հակամարտության գոտում իրավիճակի կայունացումից հետո հանդիպում կանցկացնեն ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Այս մասին մոսկովյան այցի շրջանակում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ժամանակավոր չէ, այլ անկյունաքարային հայտարարություն` հրադադարի և արյունահեղության դադարեցման իմաստով, և կան որոշակի պարամետրեր փախստականների վերադարձի առումով և այլ հարցեր, որոնք նախանշում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական պարամետրերը»,-ասել է Այվազյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

«Բայց, բնականաբար, հիմնական առաջնահերթ խնդիրները մնում են համապարփակ բանակցությունների օրակարգում, դրանք կսկսվեն հակամարտության գոտում իրավիճակի կայունացումից անմիջապես  հետո»,- հավելել է ՀՀ արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։