Թել Ավիվում «Մոսադ»-ի պաշտոնյա է սպանվել. Թեհրանի վրեժխնդրության վարկածը չի բացառվում. լրատվամիջոցներ

15:38 • 07.12.20

Թել Ավիվում զինված հարձակման հետևանքով սպանվել է «Մոսադ»-ի պաշտոնյա Ֆահմի Հինավին: Այս մասին տեղեկացնում է ИНОСМИ-ն՝ թուրքական  Hürriyet պարբերականին հղումով:

Իսրայելական հետախուզության սպայի մեքենայի ուղղությամբ արձակվել է 15 փամփուշտ, երբ նա կանգ է առել կարմիր լույսի տակ:

Այս մասին գրում է նաև sputniknews.com-ը՝ ենթադրելով, որ հարձակումը կարող էր լինել Թեհրանի վրեժխնդրությունը «իրանական միջուկային ծրագրի հայր» Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին , Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։