Այժմ երկրում ժամ առաջ անհրաժեշտ է կայունություն ապահովել․ սոցիալական վիճակը վատանալու է, և ամեն տոկոս գնաճը դառնալու է ավելի անկառավարելի, քան լինելու էր կայուն վիճակում․ Բաբկեն Պիպոյան
Այժմ երկրում ժամ առաջ անհրաժեշտ է ապագայի նկատմամբ հույս ներշնչող կայունություն, և երկրի բոլոր քաղաքական դերակատարները ժամ առաջ պետք է քաղաքական լուծում գտնեն ՀՀ քաղաքացիների մոտ հույս ներշնչելու և հնարավոր բեկման տրամաբանությունը ստեղծելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով հետպատերազմյան տնտեսական վիճակին ու հնարավոր գնաճերին։
Նա նշեց, թե իր ղեկավարած ՀԿ-ն հետպատերազմյան շրջանում ուսումնասիրություն է իրականացրել, սակայն ոչ լայնամասշտաբ և ոչ նույն մեթոդաբանությամբ, քանի որ շուկայում եղել են գների էական ու արագ տատանումներ։
«Եղել է գնաճ, մինչև փորձել ենք դա արձանագրել, հասկացել ենք, որ նույն ապրանքը, որը ֆիքսել ենք ավելի թանկ գնով, նորից հետ է եկել նույն գնին։ Հասկացանք, որ մեր կողմից տրվող տեղեկությունը անպայման լինելու է շեղումով և սխալ»,-նշեց նա՝ հավելելով, որ շուկայում տատանումները կարող են լինել տարբեր գործոններով պայմանավորված՝ ապրանքների առկայությունից ու առաջարկ-պահանջարկ սկզբունքից, ներմուծման փուլում տրանսպորտային խնդիրներից, որոնք, բնականաբար ազդեցություն են ունենալու ապրանքի ինքնարժեքի վրա, և տարադրամի փոխարժեքի անկայունությունից։
«Փոխարժեքի արժեզրկման ու արժևորման ցիկլում տեղի էին ունենում գնային փոփոխություններ․ օրինակ՝ մի օր մատակակար ընկերությունը ապրանք էր մատակարարում այդ օրվա տարադրամի փոխարժեքով, հաջորդ օրը դրամը համեմատաբար կարգավորվում էր, մրցակից ընկերությունն ապրանքը մատակարարում էր հին գնով, ու, բնականաբար, իրացման ցանցում առաջին ընկերությունն ունենում էր խնդիր, քանի որ իր ապրանքը թանկացել էր, մրցակցինը՝ ոչ, և նրա ապրանքի վաճառքն ընկել էր, և ստիպված գին էր վերանայում, որ կարողանա ապրանքի մրցունակությունը պահել»,-ասաց Պիպոյանը։
Նա ընդգծեց՝ տարվա կտրվածքով պլանավորվել էր տնտեսական աճ, սկսվեց կորոնավիրուսը, եղավ ճգնաժամային իրավիճակ տնտեսության համար, և անկախ պատերազմից՝ 8-10 տոկոս ոչ թե տնտեսական աճ, այլ անկում կանխատեսվեց, այդուհետ եղավ պատերազմը, և անկման թիվը կարող է մեծանալ, ինչի համար, Պիպոյանի խոսքով, կան օբյեկտիվ պատճառներ։
«Տնտեսությունը կայուն վիճակ է սիրում, առանց կայունության՝ չկան ներդրումներ, առանց ներդրումների՝ չկա զարգացում։ Եթե մի տնտեսվարող սուբյեկտ անկայունության պայմաններում կարողանում է մանևրելու արդյունքում մեծ գումար գոյացնել, դա ընդհանուր տնտեսության վրա որևէ ազդեցություն չի ունենում։ Մենք դեռևս շարունակում ենք մնալ ավելի շատ ներմուծող երկիր, դեռևս որևէ էական քայլ չենք անում ներմուծումն ու տեղական արտադրությունը բալանսավորելու համար։ Այս ամենն ունենալու է բացասական ազդեցություն»,-նշեց նա՝ հավելելով, որ պատերազմն իր հետ բերել է նաև պետության պարտավորություններ, այդ թվում՝ զոհված ու վիրավոր հերոսների համար կատարվող ծախսերը։ «Բնականաբար, պետությունը նախապես նման ծավալի ծախսեր չէր պլանավորել։ Սոցիալական վիճակը վատանալու է, և ամեն տոկոս գնաճը դառնալու է էլ ավելի անկառավարելի ու ունենալու է էլ ավելի բացասական հետևանք, քան ունենալու էր կայուն վիճակում»,-ասաց Բաբկեն Պիպոյանը։










