Ինչպես Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն կարող են կանխել միմյանց միջև հասունացող ռազմական առճակատումը․ The National Interest
Եվրոպական մայրցամաքում անվտանգության ոլորտում իրավիճակը վատթարացել է՝ հասնելով 30 տարվա ընթացքում ամենացավալի վիճակին: 2014 թվականից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերը, ռազմաօդային և ռազմածովային ուժերը միմյանց ավելի մոտ են գործում, ինչը կարող է հնարավոր բախումների հանգեցնել: 1980-ականների վերջին և 1990-ականներին ստեղծված սպառազինությունների վերահսկման և վստահության ամրապնդման ռեժիմը լրջորեն խարխլվել և թուլացել է։ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև նախկինում գոյություն ունեցող կապի ուղիները չեն գործում, գրում է The National Interest-ը։
Թերթը նշում է, որ այս իրադարձությունները զինված հակամարտության վտանգ են ստեղծում, որն անհրաժեշտ չէ ո՛չ դաշինքին, ո՛չ Ռուսաստանին: Այդ պատճառով նրանք պետք է ռազմական առճակատման ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքներ իրականացնեն։
«Ստեղծված իրավիճակը պետք է անհանգստացնի թե՛ ամերիկացիներին, թե՛ ռուսներին ու թե՛ եվրոպացիներին»,- նշում է թերթը։
Վերջին չորս ամիսների ընթացքում ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Եվրոպայի այլ երկրներից երեսուն և ավելի փորձագետներ, պաշտոնաթող դիվանագետներ և նախկին զինվորականներ, մանրամասն քննարկումներ են անցկացնում այն մասին, թե ինչպես ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կարող են նվազեցնել չկանխամտածված հակամարտության վտանգը, գրում է թերթը՝ կողմերին առաջարկելով ռիսկերի նվազեցման ուղղությամբ կոնկրետ գործողություններ իրականացնել, որոնք կօգնեն թուլացնել ռազմական լարվածությունը և կկանխեն հասունացող ճգնաժամը։
Իրավիճակը պահանջում է ավելի ակտիվ երկխոսություն և քաղաքական գործիչների և զինվորականների միջև շփումների վերականգնում, նշում է թերթը։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Ռոգովը, European Leadership Network վերլուծական կենտրոնի տնօրեն և ՆԱՏՕ-ում Բրիտանիայի նախկին ներկայացուցիչ Ադամ Թոմսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն նշում են, որ իրավիճակը պահանջում է ավելի ակտիվ երկխոսություն և քաղաքական գործիչների և զինվորականների միջև շփումների վերականգնում: Օրինակ, եթե ավելի հաճախակի հանդիպումներ անցկացվեն Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի, ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահի, Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի միջև, դա կօգնի նվազեցնել լարվածությունը և զինվորականների միջև թյուրիմացությունների հավանականությունը:
Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ցամաքային զորքերը դեմ առ դեմ են։ Համաձայնագրերը, որոնք հիմնված կլինեն վտանգավոր ռազմական գործողությունների կանխման վերաբերյալ խորհրդա-ամերիկյան համաձայնագրի վրա, կամրապնդեն կողմերի միջև վստահությունը, քանի որ զինվորականներից կպահանջեն հատուկ զգուշությամբ գործել սահմանամերձ շրջաններում, նշում են նրանք։
Փորձագետները նաև առաջարկում են զորավարժությունների անցկացման հարցում ևս լրացուցիչ թափանցիկության մտցնել։ Նախապես ծանուցել դրանց մասին և նվազեցնել մոնիտորինգի սահմանները։
Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն պետք է միջոցներ մշակեն սպառազինությունների նոր տեսակների, մասնավորապես՝ միջին հեռահարության ոչ միջուկային հարվածային համակարգերի նկատմամբ թափանցիկության բարձրացման ուղղությամբ, նշում են փորձագետները:
The National Interest-ը հավելում է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարդ են և լարված, ուստի երկու կողմերից համաձայնեցված ջանքեր կպահանջվեն՝ դրանք ավելի դրական հարթություն տեղափոխելու համար, քանի որ կողմերից ոչ ոք շահագրգռված չէ պատերազմի բռնկմանը։










