Նիկոլ Փաշինյանի ամբողջ արժեհամակարգը ժամացույցն ու օծանելիքն է. բերել ենք, տանք իր դարդը. Արման Սաղաթելյանը՝ քաղաքացիների՝ ԱԱԾ-ի ու Դատախազության մոտ ակցիայի մասին

16:12 • 08.12.20

«Նիկոլ, հողատու», «Նիկոլ, դավաճան» կոչերով քաղաքացիները ԱԱԾ շենքի մոտից հասել են դատախազության շենքի մոտ, որտեղ լրագրողների հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը պարզաբանեց դատախազության մոտ գտնվելու նպատակը:

«Մենք այցելեցինք ԱԱԾ շենքի կենտրոնական մուտքի մոտ և խնդրեցինք, որ նրանք իրենց վերադասին՝ մարդուն, ով կարծում է երկրի վարչապետն է և շարունակում է նստել այդ աթոռին, փոխանցեն մեր միջոցներով գնված օծանելիքն ու ժամացույցը, որ նա վերցնի ու հեռանա, թողնի, որ այս երկիրն ու այս ժողովուրդն ի վերջո ուշքի գա և կարողանա փորձել հաղթահարել այն խայտառակ վիճակը»,- պարզաբանեց Սաղաթելյանը:

Նա հիշեցրեց՝ ինչու ժամացույց ու օծանելիք: «Կարծում եմ կհիշեք՝ խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո լայվ մտած անձը, որը շարունակում է կարծել, թե ինքը երկրի վարչապետ է, փոխանակ խոսեր այդ ողբերգության մասին, փորձեր բացատրել մարդկանց՝ ինչ է տեղի ունեցել, ինչ է նրանց սպասում, խոսեր հազարավոր զոհերի, անհետ կորածների, գերիների, տասնյակ հազարավոր մարդկանց մասին, որոնք մնացել են անհայրենիք և անօթևան, այդ մարդը եթերում խոսում էր իրենից հափշտակված ժամացույցի և օծանելիքի մասին և գործը հանձնվեց ԱԱԾ վարույթին: Այսօրվա մեր ակցիան այդ նպատակն ունի՝ տալ այդ մարդուն իր դարդը, որովհետև սա է այդ մարդու արժեհամակարգի սահմանագիծը, ու ասել՝ ժամ առաջ հեռանա իր պաշտոնից, որ մնացած բոլորը կարողանան ինչ-որ բան անել»,- ընդգծեց նա և հավելեց, որ այժմ նույն պահանջով գնացել են Դատախազության մոտ:

 «Շատ ենք ցավում բոլոր այն սպաների, իրավապահ մարմնի աշխատակիցների համար, որոնք ստիպված են կատարել այդ մարդու հրամանները, որովհետև իրականում շատ մարդիկ կան, որոնք շատ պարկեշտ, հայրենասեր սպաներ են ու իրենց ուսադիրն ամեն օր ծանրանում է իրենց ուսերին, որովհետև իրենց ամեն օր դավաճանում են, նվաստացնում են իրենց դերն ու տեղը իրավապահ համակարգում»,- շեշտեց նա և հավելեց՝ երբ ԱԱԾ-ին հրամայում են սատանա որոնել, ՀԴՄ-ների խնդիր լուծել, այսօր էլ՝ օծանելիք ու ժամացույց որոնել, մենք հասկանում ենք ու ցավում այդ մարդկանց համար:

Սաղաթելյանը նշեց, որ չի կասկածում՝ դատախազությունում կան մարդիկ, որոնք հասկանում են, որ այսպես երկար տևել չի կարող. «Մենք կանգնած ենք մեր երկրի տապալման շեմին և ժամ առաջ պարտավոր ենք միջոցներ կիրառել, որ դա տեղի չունենա»: