Ֆիքսված սահման ՀՀ-ի և Ադրբեջանի միջև չունենք, մեր հայրենիքի սահմանները GPS-ով հանձնում ենք թշնամուն և եռակողմ պայմանագրից 2-րդ և 3-րդ  կողմերը ներկա չեն այդ գործընթացին. Թագուհի Թովմասյան

17:28 • 08.12.20

Այսօր Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ հայտարությունների ժամանակ ասաց, որ Սյունիքի մարզի Արավուս համայնքից ահազանգ է ստացել, որ իրենց համայնքի պահուստային ֆոնդի հողերը ադրբեջանցիներն իրենցից խլում են, գյուղի ութ տասնյակ կամավորներ, որ պաշտպանում էին սահմանները, ստիպված են եղել  նահանջել տարիներ շարունակ մշակվող հողատարածքից:

Պատգամավորն ասաց, որ թեև փոխմարզպետը հայտարարել է, որ հայկական կողմից տարածքներ չեն զիջվել, բայց իրականությւոնը և պաշտոնյաների հերքումները ինչպես ավանդաբար, մեղմ ասած, հեռու են իրանցից: Նա օրինակ բերեց Վարդենիսի դեպքը, երբ Սոթք ներխուժեց Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչը, ինչը պաշտոնապես հերքվում էր:

«Իրականում  Արավուսից 37 հեկտար հողատարածք համայնքային պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին, 9 հեկտար հողատարածք սեփականաշնորհված է, մեր ՀՀ քաղաքացիները ունեն այդ սեփականության վկայականները, սակայն զրկվել են իրենց հողատարածքները օգտագործելու իրավունքից, խոսքը վարելահողերի մասին է, մարդկանց ապրուստի միջոցն է»,-ասաց նա և նշեց, որ մարդիկ միայնակ են մնացել իրենց հոգսերի մեջ և պահանջում են պետության ներկայացուցչին:

«Սահմանների բաժանման հարցով կոչված են զբաղվելու՝ Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունները, սակայն այս փուլում երկու գերատեսչություններն իրենց գործառույթները ամբողջությամբ չեն իրականացնում, քանի որ դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման փուլում ենք գտնվում»,-ասաց նա և նշեց, որ սահմանների ճշգրտման հարցերը միջգերատեսչական մարկարդակով դեռ պետք է իրականացվեն, իսկ սա երկար գործընթաց է ենթադրում:

«Այս պահին պետք է արձանագրենք, որ ֆիքսված սահման ՀՀ-ի և Ադրբեջանի միջև չունենք, ինձ այսպես վստահեցրեցին ՀՀ ԱԳՆ-ից և այսպես երկար ժամանակ է լինելու: Փաստ է, որ մենք  մեր հայրենիքի սահմանները GPS հանձնում ենք թշնամուն և եռակողմ պայմանագրից երկրորդ և երրորդ կողմերը ցավոք սրտի ներկա չեն այդ գործընթացին»,-ասաց նա: