Հոնկոնգում վերջին ցույցերի ամենամեծ կուլիսային մանիպուլյատորն ԱՄՆ-ն էր. Չինաստանը մեղադրանքներ է հնչեցրել ընդդեմ Վաշինգտոնի

17:58 • 08.12.20

Հոնկոնգում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ինքնավարության պաշտպանության քողի ներքո ԱՄՆ-ն միջամտել է Չինաստանի ներքին գործերին և Հոնկոնգում վերջին ցույցերի ամենամեծ կուլիսային մանիպուլյատորն էր, հայտարարել է Չինաստանի փոխարտգործնախարար Չժեն Ցզեգուանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Չժեն Ցզեգուանը երեքշաբթի կանչել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտ Ֆորդենին ՝ բողոքելու Հոնկոնգի պատճառով Համաչինական ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի 14 անդամի դեմ պատժամիջոցների կիրառման կապակցությամբ:

«Որոշակի ժամանակի ընթացքում ԱՄՆ-ն տարբեր հնարքներ է կիրառել միջամտելու Հոնկոնգի գործերին  ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և Հոնկոնգի ինքնավարությունը պաշտպանելու պատրվակով, խրախուսելով և աջակցելով հանցավոր գործողություններին, ներառյալ անջատողականությանն ու անկարգապահ վարքին և Չինաստանի կենտրոնական կառավարության և Հոնկոնգի կառավարության պաշտոնատար անձանց նկատմամբ այսպես կոչված պատժամիջոցներ է կիրառել»,-ասել է փոխարտգործնախարարը:

Նրա խոսքերով ՝ «այս ամենը վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգները Հոնկոնգում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ամենամեծ կուլիսային մանիպուլյատորն է»:

Դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանի կառավարությունն անսասան վճռականությամբ դիմակայելու է Հոնկոնգի գործերին արտաքին միջամտության ցանկացած փորձի, ինչպես նաև «մեկ երկիր, երկու համակարգ» քաղաքականություն իրականացնելու վճռականությամբ պաշտպանելու է երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման շահերը:

«Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների՝  Չինաստանը համարժեք հակաքայլեր կձեռնարկի և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերը պաշտպանելու համար: Չինաստանը խորհուրդ է տալիս Միացյալ Նահանգներին անհապաղ շտկել իր սխալները, չեղյալ համարել համապատասխան որոշումը և դադարեցնել միջամտությունը Հոնկոնգի և Չինաստանի ներքին գործերին, հակառակ դեպքում ծանր հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կկրի միայն ամերիկյան կողմը»,-ասել է դիվանագետը:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր Հոնկոնգի տարածքում Համաչինական ժողովրդական կոնգրեսի 14 անդամների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Պատժամիջոցները նշանակում են ԱՄՆ-ի ցուցակներում ներառված գույքի և բանկային միջոցների բռնագրավում, ինչպես նաև արգելում են ամերիկյան քաղաքացիներին տվյալ անձանց հետ գործարքներ իրականացնել: Բացի այդ, ինչպես պատժամիջոցների կիրառման կապակցությամբ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց և նրանց հարազատներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ: