Միջնորդներն ունեն այն ընկալումը, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի և չլուծված հարցերը պետք է կարգավորվեն. Աննա Կարապետյան (տեսանյութ)
Մոսկվայում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզվածություն է հայտնել, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը պայմաններ է ստեղծում հակամարտության համապարփակ և արդարացի հիմքով կարգավորման համար: Հատկապես կարևոր է «արդարացի» բառի օգտագործումը՝ բանակցային գործընթացի նախապատմությունը հաշվի առնելով: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման շրջանակներում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
Նա հիշեցրել է, որ «արդարացի կարգավորում» ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անվանել են 2009թ-ին Լ՛Ակվիլայում և Մուսկոկայում հրապարակված հիմնարար սկզբունքներն ու տարրերը՝ ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառումը, ինչպես նաև «Մադրիդյան սկզբունքները»:
«Ուշագրավ է Լավրովի տեսակետը բանակցային գործընթացի հետագա զարգացման և միջնորդների դերակատարման վերաբերյալ: Նա նշում է, որ այսօր առաջնայինը խաղաղ համակեցության, ենթակառուցվածքների, անվտանգային հարցերի կարգավորումն է: Եվ այստեղ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դերակատարումը տեսանում է, առաջին հերթին, Արցախում միջազգային կազմակերպությունների ներգրավմանը, պատմամշակութային հուշարձանների պահպանմանը նպաստելու մեջ»,- ասել է Կարապետյանը:
Նա նշել է, որ, Ռուսաստանի Դաշնությունն այս փուլի խնդիրները որոշակիորեն լուծված է համարում և կարծում է, որ այժմ պետք է կենտրոնանալ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչման վրա: «Դրա հետ զուգահեռ, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի և չլուծված հարցերը պետք է կարգավորվեն, ինչը տեղ է տալիս պնդելու, որ կարգավիճակի հարցին ևս պետք է անդրադարձ լինի»,- ասել է Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ այս պարագայում արդեն շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում է զբաղեցնելու հայկական կողմը և որքանով է կարողանալու միջնորդներին, այդ թվում՝ Ռուսաստանին համոզել, որ կարգավիճակի հարցի շուրջ հնարավորինս արագ բանակցություններ սկսելը շատ կարևոր է:










