«Առանց Նիկոլ Հայաստան»․ քաղաքացիներն անհնազանդության ակցիա են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը․ ոստիկանները բերման ենթարկեցին որոշ քաղաքացիների (տեսանյութ)
14։22
Ակցիայի մասնակիցները քայլերթով հասել են Տիգրան Մեծի պողոտա: Ակցիայի մասնակիցների թիվն ավելանում է՝ հակառակ բերման ենթարկվածների թվի:
«Նիկոլ, դավաճան» վանկարկումներով ակցիայի մասնակիցներն առաջ են շարժվում:
Նշենք, որ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում նաև Երևանի տարբեր մասերում, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում:
13։51
Քաշքշուկ սկսվեց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Քաղաքացիները պնդում են, որ ոստիկանները դավաճանին են պաշտպանում:
Ոստիկանները շարունակում են բիրտ ուժով բերման ենթարկել քաղաքացիներին: Նշենք, որ ոստիկաներն արդեն բերման են ենթարկում նաև ակցիայի՝ մայթերով շրջող մասնակիցներին:
Նրանք ընտրում են, թե ովքեր են ակցիայի հիմնական առաջնորդները:
Ոստիկանը ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին ասաց, որ բերման են ենթարկվում այն քաղաքացիները, որոնք նախկինում ևս աչքի են ընկել ոստիկանության հիմնական պահանջը չկատարելով:
«Ես խնդրում եմ ձեր հրամանատարի անունը, ձեր պահանջը օրինական չէ»,-ասաց Մինասյանը ոստիկանին:
Լրագրողներին Մինասյանն ասաց, որ համաձայն է՝ ոստիկանները պետք է հասարակական կարգը հսկեն, բայց արդեն անցնում են սահմանները:

13։34
Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ կիրառելով անհամաչափ ուժ: Ակցիայի մասնակիցներից մեկը ոստիկաններին դիմում էր՝ ասելով, որ այս ամենն արվում է նաև իրենց համար:
Ճանապարհ փակելու փորձերը ոստիկաններն անմիջապես էին կանխում և ոստիկանական մեծ ուժերի տեղակայման պատճառով ևս կաթվածահար է լինում է երթևեկությունը:
Նշենք, որ քաղաքացիները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:
Այս պահին ոստիկանները նաև թույլ չեն տալիս, որ քաղաքացիներն անցնեն հետիոտնային անցումով՝ պատճառաբանելով, թե ճանապարհները չպետք է փակվեն: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ այս որոշումն անօրինական է, քանի որ ոստիկանները չեն ներկայացնում, որ հրաման ունեն հետիոտնային անցումը փակելու մասին:
Այս պահին մեկ տասնյակից ավել ակցիայի մասնակիցներ բերման են ենթարկվել Ամիրյան-Մաշտոց ճանապարհային հատվածից, որոնց մեջ է նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

12։47
Քաղաքացիները Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա են անում Երևանում։ Նշենք, որ այսօր՝ ժամը 12–ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այս պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։











