НТВ-ի՝ Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողները վերադարձել են Ռուսաստան
Նախորդ շաբաթ Թուրքիայում ձերբակալված НТВ հեռուստաալիքի ռուս լրագրողներն արտաքսվել են Ռուսաստան: Այս մասին երեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, հայտնել է հեռուստաընկերության մամուլի ծառայությունը:
«Մեր գործընկերները՝ «Կենտրոնական հեռուսատատեսություն» (Центральное телевидение) նախագծի աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինն արդեն Մոսկվայում են: Ժամանել են գիշերվա չվերթով: Նրանց հետ ամեն ինչ կարգին է: Շնորհակալ ենք ՌԴ ԱԳՆ-ին, Անկարայում Ռուսաստանի դեսպանատանն ու Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանն օգնության համար: Եվ, իհարկե, լրատվամիջոցների մեր բոլոր գործընկերներին, որոնք այս բոլոր օրերի ընթացքում աջակցեցին մեզ», - ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ալեքսեյ Պետրուշկոյի և Իվան Մալիշկինի ձերբակալման մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 4-ին: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանք հավատարմագրում չեն ունեցել տարածքում աշխատելու համար, որտեղ գտնվում է մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրող Baykar Savunma ընկերությունը: Ստամբուլի վարչակազմը հաստատել է, որ լրագրողները բերման են ենթարկվել չարտոնված նկարահանումների համար:










