Այսօր կանգնած ենք մեր հայրենիքը կորցնելու առջև, հասարակությունը պետք է գիտակցի դա և տեր կանգնի իր հայրենիքին․ Լուսինե Սահակյան (տեսանյութ)

16:44 • 08.12.20

Ես չեմ կարծում, որ կա իրեն հարգող մեկ ՀՀ քաղաքացի, որ կարող է համաձայնել հայրենիքի դավաճանի հետ, կարող է համաձայնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա և շարունակի իր իշխանությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Այն իրավիճակն է, որտեղ այլևս քննարկում չի կարող լինել, որ իշխանությունը պետք է հեռանա, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որովհետև եթե նույնիսկ այդ ամենը չի արվել հատուկ դավաճանական քայլով, այլ արվել է վատ կառավարման արդյունքում, որ մենք կորցրել ենք մեր հայրենիքի զգալի մասը, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանը ցանկացած դեպքում պետք է հեռանա՝ հասկանալով, որ չկարողացավ կառավարել»,-ասաց նա՝ նշելով, թե ապագայում ամեն ինչ կպարզվի։

«Կպարզվի, թե ինչու այսպես եղավ, մենք կարո՞ղ էինք արդյոք պատերազմի առաջ կանգնել և կարո՞ղ էինք արդյոք հանձնել հողերը այնպես, ինչպես եղավ, եթե չլիներ դա անելու հատուկ նպատակ։ Նիկոլ Փաշինյանը կարծես կառչել է աթոռից, բայց ամեն ինչ ժամանակի հարց է։ Աստված տա՝ ավելին չկորցնենք մինչ իր հեռանալը։ Հասարակությունը պետք է այս ամենը գիտակցի և տեր կանգնի իր հայրենիքին։ Այսօր մենք կանգնած ենք մեր հայրենիքը կորցնելու առջև, ուստի պետք է դա գիտակցենք»,-ասաց Լուսինե Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։