Հեռացե՛ք վերջապես և հնարավորություն տվե՛ք փրկել այն, ինչ դեռևս մնացել է մեր երկրից․ ինչո՞ւ հրաժարական չեք տալիս․ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Այս ընթացքում փաստացի ակնհայտ դարձավ, որ Ձեր գլխավորած Կառավարությունը ձախողեց և տապալեց երկրի կառավարումը բոլոր ոլորտներում, տապալեց երկրի տարածքային ամբողջականությունը, և հիմա մեկը մեկի հետևից նախարարներ, մարզպետներ եք փոխում, դրանով ինչի՞ եք ուզում հասնել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
«Ձեր Կառավարությունն ի վիճակի չի եղել պրոֆեսիոնալների թիմ հավաքել և երկիրը կառավարել։ Արդյո՞ք մեկ անգամ ձախողվելը բավարար չէ Ձեզ համար»,-նշեց պատգամավորը։
Փաշինյանն արձագանքեց ՝ Եղիազարյանն իրավունք ունի իր գնահատականն ունենալ, բայց ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ, իր խոսքով, բոլորի ջանքերը պետք է գործադրված լինեն նրան, որ այդ գնահատականը տալու հնարավորություն ունենա այն սուբյեկտը, որը վերջնական գնահատական տալու իրավունք ունի՝ ՀՀ ժողովուրդը։
«Ես կարծում եմ՝ մենք կունենաք այդ առիթը, ժողովուրդը հնարավորություն կունենա գնահատել և՛ մեր, և՛ ձեր, և՛ մյուսների գործունեությունը»,-ասաց նա։
Պատգամավորն արձագանքեց՝ Փաշինյանն ապացուցել է, որ ի վիճակի չէր և չէ երկիրն արդյունավետ կառավարել։ «Դուք պետք է օր առաջ հեռանաք և հնարավորություն տաք փրկել այն, ինչ դեռևս մնացել է մեր երկրից։ Ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Հեռացե՛ք վերջապես և տվե՛ք այդ շանսը, որ ժողովուրդը որոշի, թե ով պետք է կառավարի երկիրը»,-ասաց Արմեն Եղիազարյանը։









