Սոթքի հանքավայրի տարածքի մի հատվածում ճշգրտում է տեղի ունեցել և կողմերի Զինված ուժերը ավելի ճշգրիտ են դիրքավորվել. Տիգրան Ավինյան

18:45 • 09.12.20

Այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրացրեց Սոթքի հանքավայրի հարցը և հետաքրքրվեց, թե պետական սահմանի լուծման խնդիրը որ փուլում է, երբ կհասնենք վերջնական լուծում և կհստակեցվի հանքավայրի ճակատագիրը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ բանակցություններ տեղի են ունենալու այս տարվանից սկսած և Սոթքի հանքի հետ կապված բանակցությունները պետք է տարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

«Որոշակի ճշգրտում է եղել և Սոթքի հանքավայրի տարածքի մի հատվածում ճշգրտում է տեղի ունեցել երկու կողմերի Զինված ուժերն ավելի ճշգրիտ են դիրքավորվել, վարչական շենքը գտնվում է հայկական կողմում: Հանքի շահագործման հետ կապված հարցերը նույնպես ունեն իրավական հիմնավորումներ և իրավական փաստաթղթեր, և դրանք նույնպես այդ նույն ֆորմատի՝ բանակցային գործընթացի հարցեր են»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանը նշեց, որ ՀՀ ԶՈՒ-ն և ռուս գործընկերները բոլոր հատվածներում այդ գործընթացներին մասնակցում են: Նա նշեց, որ ժամանակավոր լուծումները պետք է հաստատվեն իրավական ակտերով:

Ինչ վերաբերում է Թագուհի Թովմասյանի հարցին, թե արդյոք ճիշտ է, որ հանքավայրի 984 աշխատակիցներից մյուս տարի 600-700-ը կրճատվելու են, Տիգրան Ավինյանը չպատասխանեց և միայն նշեց,, որ իրենց դիրքորոշումը կամբողջականացվի ընթացքում։