Այս իշխանությունը ոչ միայն հողատու է, այլև անպատասխանատու․ եթե վայրկյան առաջ չհեռանա, հայտնվելու ենք պետականությունը կորցնելու, թուրքական բնակավայր դառնալու շեմին․ Արծվիկ Մինասյան
Տնտեսությունը մինչ պատերազմը ծանր վիճակում էր, հիմա ծանրագույն վիճակում է հայտնվել։ Հայրենիքի մեկ երրորդ մասը կորցրել ենք, որը ոչ միայն հողային ֆոնդ էր, այլև տնտեսական հսկայական պոտենցիալ ունեցող տարածք։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Սրվելու է աղքատությունը, մարդիկ գործազուրկ են դառնալու, նախ փախստականների, անտուն մնացածների, հաշմանդամություն ունեցողների բեռը բերելու է հսկայական ռեսուրսներ ներգրավելու պահանջ, իսկ դա նշանակում է, որ այն իշխանությունը, որը միայն իր պարգևատրումներն է պատկերացնում այս ամբողջ ընթացքի մեջ, էլ ավելի է տանելու երկիրը տնտեսական վերջնական կործանման»,-ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ նոր իշխանությունը պետք է կասեցնի տնտեսական փլուզումը, բերի սոցիալական վիճակի կայունացում, լուծի առողջապահական համակարգի խնդիրները։ «Եթե այս խնդիրները չլուծվեն, դրանց էլ գումարվի սպասվող արտագաղթը, նշանակում է՝ Հայաստանը տնտեսական կենսունակության առումով զրոյանալու է»,-ասաց Մինասյանը՝ նշելով, թե ներկա իշխանության քաղաքական ղեկավարության պայմաններում մենք որևէ շանս չունենք տնտեսության փլուզումը կանգնեցնելու համար։
ՀՅԴ ԳՄ անդամը նշեց՝ պետք է աշխատանք կատարել՝ ներդրումներ կատարելու համար, և ժամանակավոր կառավարության կարևորագույն խնդիրը երկրում կայունություն ապահովելն է լինելու։
Մինասյանը նաև նկատեց՝ սահմանագծման աշխատանքներում ադրբեջանցիների հետ բանակցում են գյուղացիները, համայնքների ղեկավարները, ինչը, ըստ Մինասյանի, նշանակում է, որ չկա իշխանություն, կառավարություն։
«Այս իշխանությունը ոչ միայն հողատու է, այլև անպատասխանատու, հայրենադավ, և եթե վայրկյան առաջ չհեռանա, կորցնելու ենք նաև Հայաստանի սահմաններից շատ տարածքներ, հայտնվելու ենք ծայրահեղ ծանր իրավիճակում՝ պետականությունը կորցնելու և թուրքական բնակավայր դառնալու շեմին»,-ասաց նա։
Մինասյանի խոսքով՝ այսօրվա երթի նպատակն է նաև այն, որ պատգամավորները հասկանան իրենց պատասխանատվությունը ժողովրդի առջև։ «Եթե նրանք այսօր չկանգնեն հայրենիքի փրկության շարժման կողքին, չքվեարկեն Վազգեն Մանուկյանի օգտին՝ որպես միասնական թեկնածու, ապա նրանք հայ ժողովրդի պատմության մեջ հավերժ կմնան որպես դավաճաններ, դավաճանությունը պաշտպանող անհայրենիք մարդիկ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։









