Այսքան չարագործությունից հետո Նիկոլը պետք է հրաժարական տար․ եթե 6 ամիս ժամանակ է ուզում, վախենում եմ, որ էլի չարագործության մի մեծ ծրագիր ունի․ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացի (տեսանյութ)
Որ տեսնում ես՝ չորս կողմդ ինչ է կատարվում, ու ինչ են անում այս ազգի գլխին, կասկածում եմ, որ Նիկոլը կաշառք է վերցրել, որովհետև նա այսքան հետևողականորեն չէր տանի այս գործը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ-ի մոտ տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։
«Այսքանից հետո նա պետք է հրաժարական տար, չի տալիս, դա նշանակում է՝ տակը մի բան կա։ Ինչու՞ է 6 ամիս ուզում, եթե այսքան չարագործություն է արել, և կասկած կա, որ կաշառք է վերցրել, ես շատ եմ վախենում, որ չարագործության մի մեծ ծրագիր ունի էլի»,-ասաց նա։
ԱԺ-ի դիմաց Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաք են անում։ Նրանք վանկարկում են «Նիկոլ, դավաճան, հեռացիր», «Հայաստանն առանց Նիկոլի»։
Նշենք, որ քաղաքացիներն այսօր Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ էին անում Երևանում։ Նրանք պարբերաբար փակում էին Երևանի տարբեր փողոցներ։ Ոստիկանությունն էլ բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին։
Նշենք, որ երեկ՝ ժամը 12–ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Երևանի տարբեր հատվածներում։









