«Մերձդնեստրում ռազմական հակամարտություն սկսելու ռիսկ չկա»․ Մոլդովայի նորընտիր նախագահ

17:00 • 09.12.20

Մերձդնեստրում զինված հակամարտության վերսկսման ռիսկ չկա։ Կողմերը բանակցությունների ընթացքում կշարունակեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքները, հայտնել է Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռազմական բախման ռիսկ չկա։ Մենք կշարունակենք հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքը «5+2» բանակցային ձևաչափի միջոցով (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսաստան, Ուկրաինա և դիտորդներ ԱՄՆ-ից և ԵՄ-ից)»,- ասել է նա:

Սանդուն ընդգծել է այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացման անհրաժեշտությունը՝ հակամարտության լուծման քաղաքական բանաձև գտնելու համար:

Նոյեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սանդուն հանդես էր եկել Մերձդնեստրից ռուսական զորքերի օպերատիվ խումբը, ռազմամթերքը դուրս բերելու և Մերձդնեստրում ռուս խաղաղապահների գործողությունը ԵԱՀԿ հովանու ներքո քաղաքացիական դիտորդների առաքելությամբ փոխարինելու օգտին։