Այս փուլում սահմանազատման իրավական փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված չէ, այդ գործընթացում կարևոր են բանակցությունները․ Տիգրան Ավինյան
Սահմանազատման իրավական փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ընդունված չէ այս փուլում, այդ գործընթացում կարևոր են բանակցությունները, այն տեղի է ունենալու ամենասեղմ ժամկետներում, որի արդյունքում մենք իրականացնելու ենք սահմանազատում՝ դելիմիտացիա և տեղի է ունենալու՝ դեմարկացիա և այդ պայմանավորվածությունների և փաստաթղթերի միջոցով, որոնք կընդունվեն մեր և Ադրբեջանի ԱԺ-ների կողմից, կհստակեցվի իրավական սահմանը երկու երկրների միջև. ԱԺ-ի և Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 10-ից հետո, դրանք երեք երկրների ղեկավարների հայտարարության հիման վրա ժամանակավոր գործընթաց էին, որոնք իրենց իրավական և վերջնական տեսքն ստանալու են բանակցությունների արդյունքում իրականացված սահմանազատման փաստաթղթի տեքստում»,- պարզաբանեց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, այդ պայմանավորվածությունների հիմքում ի՞նչն է դրվելու՝ GPS-ը, 90-ականների Հայաստանի սահմանները, թե՞ ընդհանրապես ՀՀ ում սահմանների մասին օրենքը:
Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, մենք նույնպես մեր հարևան երկրների հետ, ինչպես նաև Ադրբեջանը իր հարևան երկրների հետ այդ գործընթացը վերջնական չի իրականացրել։
«Փաստաթղթերը, որոնք լինելու են հիմքում ՝դրանք քարտեզներ են և փաստաթղթեր են, որոնք ընդունվել են 20-րդ դարասկզբին, բայց չի նշանակում, որ այլ փաստաթղթեր չկան բանակցությունների սեղանին և այդ հիմնավորումներով և փաստաթղթերով երկու կողմերը յուրաքանչյուրն իր փաստարկներով պետք է հանդիպեն, քննարկեն և իրականացնեն սահմանազատման գործընթաց, ամբողջական ցանկը չեմ կարող ներկայացնել»,– ասաց նա:









