Արդյո՞ք Իրանը կպատասխանի միջուկային ֆիզիկոս Ֆախրիզադեի սպանությանը, թե՞ կվախենա պատասխան արձագանքից. Rai Al Youm
Արաբալեզու Rai Al Youm պարբերականում հրապարակվել է հոդված, որի հեղինակ Աբադ ալ Բարի Ատուանն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանն Թեհրանի հնարավոր արձագանքին:
Ամերիկյան և արևմտյան մամուլում շատ է քննարկվում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունն Իրանի հետ միջուկային համաձայնագրի շրջանակներում, հայտնել է հեղինակը: Նա շեշտել է, որ Բայդենի երդմնակալությունից հետո համաձայնագիրը փոփոխության է ենթարկվելու: Բացի այդ, քայլեր են ձեռնարկվելու Իրանի հրթիռային ծրագիրը զսպելու համար: Հիշեցնենք, որ իրանական բալիստիկ հրթիռները ցույց են տվել իրենց արդյունավետությունը՝ Հորրմուզի նեղուցում 20 կմ հեռավորության վրա անօդաչու սարք խոցելով, Սաուդյան Արաբիայում նավթային կայաններ հարվածելով:
Բայդենի վարչակազմը ցանկանում է նաև դադարեցնել Իրանի տարածաշրջանային ռազմական ընդլայնումը Մերձավոր Արևելքում, հայտնում է հեղինակը՝ խոսելով Լիբանանում «Հըզբալլահ»-ի, Եմենում «Անսար Ալլահ»-ի, Գազայում «Համաս»-ի և «Իսլամական ջիհադ»-ի, Իրաքում ժողովրդական մոբիլիզացման ուժերի մասին:
Հաջորդը, որին անդրադառնում է Ալ Բարի Ատուանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ սահմանված զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ նորընտիր վարչակազմի նախաձեռնությունն է: Այսպիսով, Թեհրանը չի կարող գնել նոր առաջադեմ զենքեր կամ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արտահանել այլ երկրներ:
Իր վերոնշյալ մտադրությունների մասին Բայդենն ասել է The New York Times–ին տված հարցազրույցի ժամանակ՝ շեշտելով միջուկային համաձայնագրին վերադառնալու անհրաժեշտությունը, որին, սակայն, դեմ են Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան՝ ցանկանալով Թեհրանի հետ նոր համաձայնագիր կնքել:
Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար պատասխան միջոցները սկսվել են Իրանի խորհրդարանի կողմից ուրանի հարստացման մակարդակը 20 տոկոսով բարձրացնելու և միջազգային տեսուչների մուտքն արգելելու մասին որոշումով: Բացի այդ, որոշվել է անտեսել միջուկային ծրագրի այլ սահմանափակումներ ևս, որոնք նախկինում համաձայնեցվել էին գերտերությունների հետ: Բայց սա չի նշանակում, որ վրեժն «անհնար է»: Հավանական է, որ Իրանն այն հետաձգել է՝ թողնելով ավելի հարմար ժամանակվա, այս մասին հայտնում է իշխանություններին մոտ կանգնած լիբանանյան աղբյուրը: Իրանը ռազմական գործողություններ չսկսեց որպիսի վրեժ լուծի հրամանատար Քասեմ Սոլեյմանիի սպանության համար, որը համարվում էր երկրի 2-րդ ազդեցիկ դեմքը, և հիմա էլ պատերազմ չի սկսի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի համար. բայցևայնպես, դա չի բացառվում:
The Economist բրիտանական ամսագիրը գրում է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները գրեթե 12 անգամ գերազանցում են թույլատրելիի շեմը (300 կիլոգրամ): Այսքանը բավական է 2 միջուկային ռումբ արտադրելու համար: Ըստ որոշ աղբյուրների Իրանն ունի գերժամանակակից տեխնիկա ստորգետնյա միջուկային հաստատություններում:
Այս որոշումները հաստատված են Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի, ինչպես նաև Սահմանադրական գերագույն խորհրդի կողմից:
Բայց հարց է առաջանում, արդյո՞ք նախագահ Թրամփը և նրա դաշնակից, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ընդունելու են այդ փաստն և թույլ են տալու, որ ամերիկյան նոր վարչակազմը վերադառնա Իրանի հետ բանակցային սեղան:
Հեղինակը նաև շեշտում է, որ Բայդենի վարչակազմը որքան էլ ցանկանա վերադառնալ համաձայնագրին ոչ մի զիջում չի ընդունի: Իսկ համաձայնագրին վերադառնալու համար Իրանում չափավոր թևի հաղթանակը 2021 թվականի ընտրություններում ամենակարևոր նախապայմանն է:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները մտադիր էր ամերիկացիների համար ապահովել Կատարի օդանավերի օդային տարածքի բացումը կամ Ուդեյդ բազան օգտագործելու իրավունքը՝ Իրանին հարվածելու համար» - գրում է հեղինակը:
Ըստ հեղինակի ԱՄՆ ներկայիս վարչակազմը փորձելու է ձախողել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալու փորձերը, որի համար հիմք է հանդիսանում Վաշինգտոնի կողմից իսրայելական «Մոսադի» և Պարսից ծոցի հետախուզական կառույցների հետ ձեռք բերված գաղտնի համաձայնությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պամպեոն և նախագահի ավագ խորհրդական Քուշները ամսվա սկզբին այցով գտնվում էին Կատարում:









