Իրանն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորման անհրաժեշտությունը. ԱԳՆ
Իրանն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում քաղաքական միջոցներով մշտական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մասին հայտարարել է, որ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ Թեհրանում Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ավարտին:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհյուն Բայրամովի՝ Թեհրան կատարած այցի շրջանակներում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, տարածաշրջանային հարցերի և երկկողմ հարաբերությունների շուրջ»,- իր թվիթերյան էջում գրել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Ադրբեջանի ԱԳ նախարարը, որը Թեհրան է ժամանել դեկտեմբերի 9-ին, հանդիպում է ունեցել նաև երկրի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:










