«Մարդիկ, որոնք մահացել են կորոնավիրուսից, Սուրբ Ծնունդ չեն նշի». Լատվիայի նախագահի արտահայտությունը ծաղրի առարկա է դարձել երկրում
Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը, ելույթ ունենալով Լատվիական հեռուստատեսության եթերում հեռարձակվող Šodienas jautājums («Այսօրվա հարցերը») հաղորդման ժամանակ և խոսելով Սուրբ Ծնունդի մասին, արտահայտություն է արել, որը կատակների և ծաղրանքի առարկա է դարձել բնակիչների շրջանում: Այս մասին գրում է EADaily-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:
«Մարդկանց համար ամենամեծ մոտիվացիան, իհարկե, չհիվանդանալն է, վատագույն դեպքում՝ չմահանալը: Այն մարդիկ, որոնք մահացել են կորոնավիրուսից, իհարկե, Սուրբ Ծնունդ չեն նշի»,- ասել է լատվիացի նախագահը՝ կոչ անլելով մարդկանց չմահանալ «Քովիդ-19»-ից հանուն սուրբծննդյան տոնակատարության:
Հատկանշական է, որ ելույթի ժամանակ Լևիտսը շեշտել է, որ «քաղաքական գործիչները ճգնաժամի պայմաններում պետք է լավ գնահատեն իրենց արտահայտությունները, իսկ երբ պետք է՝ ընհանրապես լռեն:
Համացանցի օգտատերերից շատերն են մեկնաբանել երկրի նախագահի խոսքը՝ տարակուսանք և զարմանք հայտնելով, ոմանք էլ սկսել են կատակել:
«Լավ լուրն այն է, որ ոչ «Քովիդի» պատճառով մահացածները դեռ հնարավորություն ունեն Սուրբ Ծնունդ նշելու»,- կատակել է օգտատերերից մեկը:
Մեկ ուրիշն էլ նրա արտահայտությունը համեմատել է հայտնի խոսքի հետ. «Չկա մարդ, չկա խնդիր»:
Լատվիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 22 816-ի, որից 293-ը մահվան ելքով են ավարտվել:










