Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը կշարունակվի վաղը՝ 11:00-ին կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
18։40
Ազգային ժողովի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց: Հավաքի մասնակիցները նշեցին, որ վաղը հավաք տեղի կունենա Կառավարության շենքի դիմաց, առավոտյան ժամը 11-ին:
Նշենք, որ վաղը Կառավարության նիստ է լինելու այդ ժամին:
17։52
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ-ի մոտ տեղի ունեցող հանրահավաքին հայտարարությամբ հանդես եկավ քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանը:
«Ես Գրիգոր Բեգլարյանս չեմ ենթարկվում այս Կառավարությանը, չեմ ենթարկվում այս վարչապետ կոչվածին, ես համարում եմ ինձ քաղաքացի առայժմ առանց պետական կառավարման: Ես շարունակելու եմ գծել Մովսես Գորգիսյանի խոսքերով Հայաստանը՝ «կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու» և ես շարունակելու եմ գծել քարտեզ՝ առանց Նիկոլի Հայաստան»,- շեշտեց նա:
17։50
«Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը նշեց, որ շատ պատգամավորներ հիմա արհամարհել են ԱԺ նիստը և Կառավարությանը հարց չեն տալու, այդ պատգամավորներից է ԲՀԿ-ական Արման Աբովյանը, ով հանդես եկավ ելույթով:
Պատգմավորն ընդգծեց՝ չի հավատում, որ կան հայեր, որոնք կարող են մի կտոր լափի համար, վիզները ծռել թուրքի դեմ: «Մեզ փորձում են համոզել՝ դե հիմա պատերազմ է պարտվել ենք, պատերազմը հայ ժողովուրդը, հայերը չեն պարտվել, պատերազմը պարտվել է Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը: Ինչից ասես այս օրերին չի խոսվում, բայց մյուս կողմից մեկ բան է հնչում՝ պետք է առևտուր անել, հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ: Դուք հո չե՞ք գժվել, հասկանո՞ւմ եք ինչ եք խոսում: Թուրքական ՀԸ-ով ՀՀ քարտեզն են ցույց տալիս, որտեղ Սյունիքին ու Զանգեզուրն Ադրբեջանի կազմում են, դուք հսկանում ե՞ք ինչ է կատարվում»,- շեշտեց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ իրենք ոչ մի հարց չունեն Փաշինյանին, ոչ էլ պատասխան են ուզում, նրանից միայն մեկ պահանջ ունեն՝ «Նիկոլ, հեռացիր»: Նա ընդգծեց՝ որքան այս իշխանությունը շուտ հեռանա, այնքան հեշտ կլինի ծառացած խնդիրները լուծել: Ըստ պատգամավորի, չկա մի ոլորտ, որը տապալած չլինեն, վերջում էլ կացնով ողնաշարներս ջարդեցին, բայց չի ստացվելու:
17։26
ԱԺ-ի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ՀՀԿ- երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանն իր ելույթում հիշեցրեց, որ պատերազմի առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը հենց ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե եկեք համարենք, որ մենք մեզ պարտված չենք համարելու ինչ էլ, որ լինի, ապա ներկաներին հարցրեց՝ այստեղ մարդ կա՞, որ պայմանավորվել է Փաշինյանի հետ, այստեղ մարդ կա՞, որ պատրաստ է հաշտվել պարտության հետ: Ի պատասխան ցուցարարները նշեցին՝ ոչ:
«Ի՞նչ է անում Փաշինյանը, նախարարին խորհրդրական է սարքում, մարզպետին՝ պատգամավոր, կամ՝ հակառակը։ Այ ընկեր, բանջարեղենների տեղերը փոխելուց, արդյունքը չի փոխվում: Այստեղ կանգնած մարդիկ եկել են քեզ ասելու, որ Նոր տարվա գիշերը բավական է, որ մեր զոհված զինվորների արյան կսկիծը մեր սրտում լինի, չենք ուզում մի հատ էլ քո դեմքը տեսնենք հեռուստացույցով»,- հայտարարեց նա:
Հայկ Մամիջանյանը նաև հիշեցրեց Փաշինյանի այն հայտարարությունը, թե իբր ԱԺ-ն ազատագրել է. «Նայեք, ազատագրված ԱԺ այգու դարպասները զոդած են ու փակված, մի կողմից լավ է, հիմիկվանից թող Փաշինյանը սովորի Ոստիկանության հսկողության տակ ու վանդակներում նստելուն, իրեն դա երկար է սպասվում»:
16։17
ԱԺ-ի դիմաց Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաք են անում։ Նրանք վանկարկում են «Նիկոլ դավաճան, հեռացիր», «Հայաստանն առանց Նիկոլի»։
Նշենք, որ քաղաքացիներն այսօր Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ էին անում Երևանում։ Նրանք պարբերաբար փակում էին Երևանի տարբեր փողոցներ։ Ոստիկանությունն էլ բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Նշենք, որ երեկ՝ ժամը 12–ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։











