«Անբարեխիղճ մրցակցության դրսևորում». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական զենքի գնման հետ կապված ԱՄՆ-ի պատժամիջոցային սպառնալիքներին
Ռուսական զենք ձեռք բերելու համար պատժամիջոցների սպառնալիքներն անբարեխիղճ մրցակցության դրսևորում են: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի ռազմական և քաղաքական հարցերով օգնական Քլարկ Քուփերը հայտարարել էր, որ Ռուսաստանից և Չինաստանից զենք գնող երկրները կարող են ներառվել ամերիկյան պատժամիջոցների ցուցակում:
«Սա կրկնվում է օրեցօր: Մարդիկ, որոնք այս ամենը անում են, անբարեխիղճ մրցակցության ջատագովներ են, այս շուկայում նույնպես, և երկրորդ, ցույց են տալիս, որ իրենք ամբողջովին խրվել են այն պատկերացումների մեջ, որ ժամանակակից աշխարհը մեծ գերտերությունների մրցակցության աշխարհ է, որտեղ պետք է ոչ թե ընդհանուր խնդիրներ լուծել, այլ պարզապես սեփական կամքը թելադրել, շանտաժի ենթարկել, վախեցնել բոլորին»,-նշել է Ռյաբկովը:
Դիվանագետի խոսքով` այդ մարդկանց ժամանակը կանցնի, իսկ Մոսկվան կաշխատի այդ ժամանակը մոտեցնել:









