Բողոքի ակցիաներն իրականացնելու ենք մինչև վերջ ու հասնելու ենք Փաշինյանի հրաժարականին, իսկ քաղաքացիական պատերազմ հրահրողը մեկ մարդ է, և այդ մարդը Փաշինյանն է. Վանեցյան (տեսանյութ)
2020 թվականի ավարտին Հայաստանը մոտեցել է գրեթե անլուծելի թվացող խնդիրներով, և Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օրից ավելի իշխանության մնալը այդ խնդիրների լուծումը դարձնում է անհնարին: Երևանում իրականացվող անհնազանդության ակցիայի ժամանակ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանն այսօր գտնվում է ազատ անկման մեջ և եթե շատ արագ դա չդադարեցվի, արդյունքը լինելու է կործանումը:
Դիտարկմանը՝ կարծես կա կոնսենսուս ձևավորված Փաշինյանի հրաժարականի շուրջ, սակայն նա չի հեռանում, ինչ պետք է անել քաղաքացիական բախումներից խուսափելու համար, Արթուր Վանեցյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր քայլերն անում է մեկ նպատակով՝ պահպանել իր իշխանությունը:
«Մեզ մեղադրում են աթոռակռվի մեջ, մենք աթոռակռիվ չենք անում, աթոռակռիվ անում են բացառապես իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը: Իսկ քաղաքացիական բախումներ հրահրելու կոչով հանդես է եկել Փաշինյանը, երբ նա գիշերը, անկայուն, հոգեկան վիճակում գտնվելով, հայտարարեց՝ տղերք, հավաքվենք, գնանք վնգստացողներին պատերի տակ սատկացնենք: Մենք մեր բողոքի ակցիաներն իրականացվելու ենք մինչև վերջ ու վճռական հասնելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, քաղաքացիական պատերազմ հրահրողը մեկ մարդ է և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- շեշտեց նա:
Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենց օրակարգում մեկ հարց ու մեկ նպատակ է՝ երկիրը փրկել պարտված Նիկոլ Փաշինյանից և հաղթահարել երկրում առկա բոլոր դժվարությունները:
«Օգտագործվելու են բոլոր միջոցներն առանց խտրականության նրան պաշտոնից հեռացնելու համար: Մենք բոլոր միջոցները համադրելու ենք, լինելու է և՛ դրսի՝ փողոցի ճնշում, և՛ քաղաքական ուժերի, առավել ևս խորհրդարանական ուժերի պատգամավորների հետ աշխատանք, ի վերջո վարչապետին ընտրելու է խորհրդարանը»,- շեշտեց Վանեցյանը և կոչ արեց քաղաքացիներին միանալ բողոքի ակցիաներին, գնալ այսօր ԱԺ-ի մոտ հանրահավաքին, քանի որ դավաճան իշխանությունների մեկ օր ավելի մնալը բերելու է երկրի կորստի:
Արթուր Վանեցյանը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ իրավապահ համակարգը, նաև պետական ողջ համակարգը, չի ենթարկվում Փաշինյանին: «Նա այսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, բայց իրականում որևէ հենարան չունի պետական համակարգում, պետական համակարգն ամբողջությամբ զզված է նրանից և սպասում են օր առաջ նրանից ազատվելուն: Փաշինյանի հենարանը մնացել են անհասկանալի փոքրաթիվ մարդիկ, որոնք ագրեսիվ պահվածք են ցուցաբերում և փորձում են թվացյալ իրավիճակ ստեղծել, թե նա ունի աջակիցներ, սակայն փաստն այն է, որ նա չունի աջակիցներ»,- շեշտեց Արթուր Վանեցյանը:









