ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննում է Բայդենի որդու՝ Չինաստանի հետ «կասկածելի գործնական հարաբերությունները»․ Fox News

09:56 • 10.12.20

ԱՄՆ արդարադատության նախարարությունը երրկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի հարկային գործերի հետաքննության շրջանակում ուսումնասիրում է Չինաստանում նրա գործնական հարաբերությունները, հայտնում է Fox News հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ավելի վաղ Բայդենի որդին հայտարարել էր, որ Դելավեր նահանգի իշխանությունները հետաքննություն են վարում իր վճարած հարկերի առնչությամբ, ընդ որում՝ Ջո Բայդենը, որը, նախնական տվյալներով, ընտրվել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, իր աջակցությունն է հայտնել որդուն:

Հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ Հանթեր Բայդենի նկատմամբ հետաքննությունը մասնակիորեն հիմնվում է «կասկածելի օտարերկրյա գործարքների» վերաբերյալ գործունեության հաշվետվությունների վրա: Մեկ այլ աղբյուր հավելել է, որ այդ հաշվետվությունները վերաբերում են «Չինաստանից և այլ արտասահմանյան երկրներից» ստացված միջոցներին։ Աղբյուրի խոսքով՝ հետաքննությունը սկսվել է դեռևս 2018 թվականին:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ Հանթեր Բայդենը լքել է Չինաստանի պետական կառույցների կողմից աջակցվող BHR Partners մասնավոր ներդրումների ընկերության ղեկավարի պաշտոնը։

Հանթեր Բայդենի անվան շուրջ հերթական սկանդալը ծագել էր անցյալ տարի, երբ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում մի քանի անգամ պահանջել էր հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ. նա, մասնավորապես, պահանջել էր հետաքննել տեղեկություններն առ այն, որ Բայդենն Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին խնդրել էր պաշտոնից հեռացնել գլխավոր դատախազին ու այդպսիով օգնել է հետաքննության շրջանակում ներգրավված իր որդուն՝ Հանթեր Բայդենին, որն այդ ժամանակ աշխատում էր ուկրաինական «Բուրիսմա հոլդինգ» ընկերությունում։