ԱՀԿ-ի փորձագետները ժամանել են Հնդկաստան` պարզելու անհայտ հիվանդության բռնկման հանգամանքները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկու փորձագետներ ժամանել են Հնդկաստանի Անդրա Պրադեշ նահանգի Էլուրու քաղաք, որտեղ անհայտ հիվանդությամբ վարակվածների թիվը հասել է 593-ի, հաղորդում է India Today-ը։
Նշվում է, որ ԱՀԿ-ի աշխատակիցները հետազոտել են տուժած շրջանները՝ տվյալներ հավաքելով վարակվածների սննդի սպառման սովորությունների և առողջական վիճակի մասին:
ԱՀԿ-ի փորձագետներն ավելի ուշ հայտնել են, որ «անհայտ հիվանդության պատճառ կարող են լինել սպիտակեցնող նյութերը և քլորը, որոնք սանիտարական միջոցառումների շրջանակում օգտագործվել են Covid-19-ի կանխարգելման համար»։
Էլուրու քաղաքում և նրա շրջակայքում անհայտ հիվանդության բռնկումը սկսվել է անցած կիրակի: Հիվանդները հոսպիտալացվել են գլխապտույտի և էպիլեպսիայի, հանկարծակի ուշաթափության, բերանից փրփուրային արտադրության և դողի առկայության գանգատներով:
Հիվանդության պատճառը պարզելու համար քաղաք են գործուղվել Սննդառության ազգային ինստիտուտի, Քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտի և Համահնդկաստանյան բժշկական գիտությունների ինստիտուտի բժշկական բրիգադները:










