«Թրամփը խոչընդոտում է պավաստանյութ ներկրելու Իրանի ջանքերին». Ռոհանի

14:19 • 10.12.20

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը, նրա պնդմամբ, խոչընդոտում է բժշկական սարքավորումների և պատվաստանյութերի ներկրմանն Իրան, հայտնում է tehrantimes.com–ը:

Ռոհանին ասել է, որ Սպիտակ տան «չար» վարչակազմը չի խնայում անգամ տարեցներին և հաշմանդամներին՝ խոչընդոտելով դեղորայք և բժշկական սարքավորումներ ձեռք բերելու Իրանի ցանկացած նախաձեռնության:

«Այս ամենն այն պատճառով, որ նրանք այնքան խնդիրներ են ստեղծել, որ ամբողջ երկիրը շաբաթներով, երբեմն էլ ամիսներով պետք է աշխատի գումարը տեղ հասցնելու և դեղորայք ձեռք բերելու համար: Այնինչ դա կարելի է անել մեկ հեռախոսազանգով կամ նամակով: Այս մարդիկ, որոնք Սպիտակ տունը ղեկավարելու վերջին օրերն են ապրում, այնքան չար են, որ հաշվի չեն առնում ո՛չ տարեցներին, ո՛չ հաշմանդամներին և ամենավայրի պահվածքն ունեն տարածաշրջանի ժողովրդի և Իրանի մեծ ազգի նկատմամբ»,- ասել է Ռոհանին:

Իրանը Թրամփի «առավելագույն ճնշման արշավի» շրջանակներում ենթարկվել է մի շարք կոշտ տնտեսական պատժամիջոցների, երբ 2018 թվականին Վաշինգտոնը դուրս է եկել 2015 թվականի միջուկային համաձայնագրից, որը պաշտոնապես կոչվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA):

Քանի որ Թրամփի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, նրա վարչակազմը խստացնում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իր ճնշող պատժամիջոցները՝ արհամարհելով Թեհրանի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների նախազգուշացումներն առ այն, որ սահմանափակումները խոչընդոտում են կորոնավիրուսի բռնկման դեմ Իրանի առողջապահության ոլորտի պայքարը:

Ռոհանին հավելել է, որ Իրանն ունի բավականաչափ գումար և պատրաստակամություն՝ գնելու պատվաստանյութեր, սակայն ԱՄՆ-ն արգելափակում է նրա ջանքերը:

«Չնայած մենք ունենք ռեսուրսներ և փող՝ դատարկաձեռն ենք՝ կապված ԱՄՆ-ի՝ յուրաքանչյուր երկրի և բանկի հետ գործարքներում կատարած խարդախությունների հետ» – ասել է Ռոհանին՝ հավելելով , որ Իրանն ամեն կերպ կհաղթահարի այս խնդիրը:

Նրա խոսքով՝ Իրանը շուտով կներմուծի կորոնավիրուսի համար նախատեսված պատվաստանյութեր՝ միաժամանակ աշխատելով արագացնել տեղական արտադրության պատվաստանյութերի արտադրությունը: