Սաուդյան Արաբիայի գահաժառանգին մեղադրում են նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահափորձի համար․ Bloomberg
Սաուդյան Արաբիայի նախկին պաշտոնյա Սաադ Ալ Ջաբրին իր դեմ սպանության փորձ կատարելու մեղադրանքով ամերիկյան դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի։
Bloomberg-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սաադ Ալ Ջաբրին օգոստոսի 6-ին ներկայացրած բողոքի մեջ հայտարարել է, որ գահաժառանգ արքայազնի հրամանով «Վագրերի ջոկատ» անունով սաուդյան գործակալների թիմը 2018 թվականի հոկտեմբերի 15-ին Տորոնտոյում փորձել է սպանել իրեն»։
Բեն Սալմանի փաստաբան Մայքլ Քելոգը հերքել է մեղադրանքները և միջնորդություն ներկայացրել Վաշինգտոնի շրջանային դատարան՝ նշելով, որ «թագաժառանգը Սաուդյան Արաբիայի կառավարությունում իր բարձր դիրքի պատճառով ԱՄՆ-ում դատական հետապնդումից իրավական անձեռնմխելիություն ունի»։
Բեն Սալմանի փաստաբանները նաև պնդել են, որ Ալ Ջաբրին գումար է հափշտակել Սաուդյան Արաբիայի կառավարությունից՝ նրան մեղադրելով «2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ահաբեկչության դեմ պայքարի համար ստեղծված 19 մլրդ դոլար հիմնադրամից 11 մլրդ դոլարը յուրացնելու համար», հաղորդում է Bloomberg-ը:
Իրենց հերթին, Ալ Ջաբրիի փաստաբաններն օգոստոսին ներկայացված դատական փաստաթղթերում նշել էին, որ Ջաբրիի գոյությունը «էքզիստենցիալ սպառնալիք է ԱՄՆ-ի կառավարությունում մեղադրյալ բեն Սալմանի համբավի համար, ինչի համար վերջինս փորձում է սպանել նրան»։










