ԱՄՆ-ում 18 նահանգների ներկայացուցիչները պահանջում են վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները․ Reuters
Ի պաշտպանություն Տեխաս նահանգի գլխավոր դատախազ Քեն Փաքստոնի՝ նախագահական ընտրությունների արդյունքները չորս նահանգներում անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցի՝ 17 այլ նահանգների ներկայացուցիչներ դիմել են ԱՄՆ Գերագույն դատարան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ Փաքստոնն իր հայցում խնդրել է «զանգվածային խախտումների պատճառով ԱՄՆ չորս նահանգներում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը»:
Ալաբամա, Արկանզաս, Արևմտյան Վիրջինիա, Ինդիանա, Կանզաս, Լուիզիանա, Միսիսիպի, Միսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Օկլահոմա, Հյուսիսային Դակոտա, Թենեսի, Ֆլորիդա, Հարավային Դակոտա, Հարավային Կարոլինա, Յուտա նահանգների ներկայացուցիչները միացել են նրա հացին:
Տեխասի գլխավոր դատախազն ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարան հայց էր ներկայացրել Ջորջիա, Միչիգան, Փենսիլվանիա և Վիսկոնսին նահանգների դեմ: Նրա համոզմամբ՝ այդ նահանգներում չեն պահպանվել քվեաթերթիկների մշակման վերաբերյալ նորմերը և այդ կապակցությամբ նահանգներում ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին։ Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների գնահատումների համաձայն՝ Բայդենը ստացել է ընտրիչների կոլեգիայի ավելի քան 270 անդամների աջակցությունը՝ դառնալով ԱՄՆ հաջորդ նախագահը։ Այնուամենայնիվ, գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ մտադիր է ընտրողների ձայների վերահաշվարկ անցկացնելու պահանջով դիմել դատարաններ, քանի որ, նրա կարծիքով, ընտրություններում դեմոկրատների կողմից բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել:










